Վարչապետը խոսել է կոնկրետ շրջանակների մասին. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարց ուղղվեց ՀՀ վարչապետի երեկվա պատասխանների վերաբերյալ, որը նա հնչեցրել էր Տիրանայում՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի:
Հիշեցնենք՝ վարչապետն իր խոսքում ասել էր, որ Բաքվում կան շրջանակներ, որոնք փորձում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք:
Լրագրողի հարցին՝ արդյոք սա ուղիղ մեղադրա՞նք է՝ ուղղված Ադրբեջանի նախագահին, և արդյոք Հովհաննիսյանը տեսնո՞ւմ է գործողություններ ադրբեջանական կողմից, որ փորձում են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվել:
Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կոնկրետ շրջանակների մասին՝ մի կողմից խոսել է Ադրբեջանի իշխանությունների անհանգստությունների մասին՝ նախագահի մակարդակում Սահմանադրության հետ կապ ունեցող հղման վերաբերյալ, մյուս կողմից՝ Ադրբեջանում գործող քաղաքական շրջանակների մասին, որոնք տարբեր կոչերով են հանդես գալիս, խոսում այպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին և այլն:
Նրա խոսքով՝ վարչապետը տվել է դրա լուծումն այն իմաստով, որ համատեղ՝ նույն տեղում, նույն վայրում ստորագրվեն և՛ խաղաղության պայմանագիրը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունը:
Հիշեցնենք՝ վարչապետը իր խոսքում մասնավորապես անդրադարձել էր Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող մտահոգություններին, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես՝ հարևանների նկատմամբ։
«Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ-ի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- ասել էր նա։