Գազայում ավիահարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել․ Իսրայելին ուղղված միջազգային քննադատությունն աճում է
Երեքշաբթի Գազայում իսրայելական ավիահարվածներից առնվազն 55 պաղեստինցի է զոհվել, հայտնել են տեղացի բժիշկները։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային բանակցությունները և հետ է կանչում իր դեսպանին՝ օկուպացված Արևմտյան ափին և Գազայում Իսրայելի վարած քաղաքականության պատճառով։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն էլ, ըստ հոլանդական ANP լրատվական գործակալության, առաջարկել է վերանայել ԵՄ-Իսրայել առևտրային համաձայնագիրը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև Կատարում հրադադարի հարցով անուղղակի բանակցությունները, կարծես, կրկին ձախողվել են, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ որոշել է խորհրդակցությունների համար Դոհայից հետ կանչել բանակցային թիմին, գրում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խորհրդարանում ասել է, որ Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդների հետ միասին «սարսափած է» Գազայի հատվածում ռազմական գործողությունների սրացումից և կրկին հրադադարի կոչ է արել։
Երեք երկրները երկուշաբթի զգուշացրել էին, որ Իսրայելի դեմ կոնկրետ միջոցներ կձեռնարկեն, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Գազայում և չվերացվեն մարդասիրական օգնության սահմանափակումները։
ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ են պատրաստվել են, բայց արգելափակվել են մեկ անդամ պետության կողմից, ասել է ԵՄ ներկայացուցիչ Կալլասը՝ առանց երկիրը անվանելու։
«Արտաքին ճնշումը չի շեղի Իսրայելին իր գոյությունն ու անվտանգությունը պաշտպանելու ուղուց», — X-ում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օրեն Մարմորշտեյնը։
Գազայում իրավիճակը ճգնաժամային է, քանի որ Իսրայելը մարտի 2-ից արգելք է մտցրել մատակարարումների վրա: ՄԱԿ-ը հայտնում է, որ մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար ամեն օր Գազա պետք է մտնի առնվազն 500 բեռնատար
ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների գործակալության՝ UNRWA-ի ներկայացուցիչ Լուիզ Ուոթերիջը երեքշաբթի օրը հայտարարել է, որ քիչ սնունդ է մնացել։