Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ներկայացրել են Հայաստան-Եվրոպական միություն խորացող համագործակցության առանցքային ձեռքբերումները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ ՄԻրզոյանն իր խոսքում նշել է, որ ասուլիսից առաջ ստորագրվել է համաձայնագիր, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Նախարար Միրզոյանը դա համարել է գործընկերության օրակարգի ընդլայնման և գլոբալ անվտանգության հարցերում Հայաստանի կառուցողական ներգրավվածության վկայություն։

Երկրորդ՝ ըստ Միրզոզյանի, հայտարարվել է Հայաստան-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։ «Սա վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցությունը համահունչ դարձնելու ժամանակակից մարտահրավերներին»,- նշել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ երրորդ ձեռքբերումը Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտն է։

«Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով կհամալրի և առավել կխորացնի Հայաստան-ԵՄ օրակարգը՝ միաժամանակ խթանելով նաև Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,-ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նաև կարևորել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված համագործակցությունը, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերի, ֆինանսական աջակցության և դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար։

«Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը, մեր կարծիքով, Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական միությանը մոտեցնելու լավագույն հնարավորությունն է։ Եվ, Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման զուգահեռ, ակնկալում ենք նաև, իհարկե, այս ուղղությամբ շոշափելի քայլեր»,- ասել է նախարար Միրզոյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն