Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, հակափաստարկներ ներկայացրել:

Ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Արթուր Խաչատրյանը փաստել է՝ սա քաղաքական գործընթաց է, սա քաղաքական հետապնդում է: «Քաղաքական հետապնդում է «Հայաստան» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի դեմ՝ մեղադրանքով, որ այս երկու օրվա քննարկումները ցույց տվեցին, որ կատարելապես շինծու է»,- հայտարարել է Արթուր Խաչատրյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության գործիքը նրան քաղաքական հետապնդումից պաշտպանելու համար է, բայց այստեղ քաղաքական հետապնդման մասին չէ խոսքը: «Կա քրեաիրավական գնահատական, կան փաստեր եւ, ըստ էության, Ազգային ժողովը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ պետք է տա արդարադատությանը չխոչընդոտող որոշում»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն, ինչ Գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որեւէ առնչություն չունի»,- եզրափակիչ ելույթում փաստել է Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կրկին հայտարարել է՝ իրեն վերագրվածն իրականության հետ առչություն չունի, օրենքի կարգավորումից դուրս է: «Որեւէ իրավական նորմ չեք կարող նշել, որ որպես նախարար՝ ես գործել եմ ծառայողական շահերին հակառակ»,- նշել է նա: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաեւ հարցի վերաբերյալ որոշ պատգամավորների ելույթներին: 

Եզրափակիչ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ անդրադարձել Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե ինքը՝ որպես նախարար, պարտավոր չէր իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը: «Ինձ ասում է` ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա ես պարտավոր եմ ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց: Օրենքը գրվում է ողջամտության կանխավարկածով: Օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց, եւ հակառակի մասին պետք է պաշտոնապես նախարարը ներկայացնի: Նախարարը դրա համար է իր պաշտոնում գտնվում»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը: Նա հավելել է, որ նախարարը պետք է ընդամենը պատշաճ գրավոր արձանագրեր, որ առկա է ապօրինի գույք: Աննա Վարդապետյանի խոսքով դրանով նախարարը չէր օրինականացնում ապօրինի գույքը, նախարարը սկսում էր գործընթաց, որի հիման վրա պատկան մարմինները պետք է գույքը քանդեին ու պատասխանատվության ենթարկեին այն անձանց, որոնք չեն քանդել ժամանակին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն