Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին
Որևէ իրավական նորմ չեք կարող նշել, որ ես՝ որպես նախարար, գործել եմ ծառայողական շահերին հակառակ: Որպես նախարար՝ իմ պարտականությունն է կանխարգելել կամ նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ բացասական տեսքով դրսևորվող: Կանխարգելումը վերաբերում է շինարարության կասեցմանը: Իմ կառավարման շրջանում չի եղել ապօրինի շինարարություն: Ես փորձել եմ նվազեցնել և նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը. դա վերաբերում է ոչ միայն Սևանին, այլև բնության հատուկ պահպանվող տարածքներին: Այդ մասին իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը:
«Հերքում եմ և պնդում եմ՝ շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատականը կամ փորձաքննությունը չէր պահանջվում մրցույթի ժամանակ հաղթողին ճանաչելու համար: Դա պահանջվում էր այն ժամանակ, երբ կներկայացվեր շինարարության նախագիծ՝ քանդման թույլտվությունով, որում պետք է անցներ թե՛ քաղաքաշինական, թե՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության ամբողջական փորձաքննությունը…
Երկրորդ, գինը, որ որոշվել է մրցույթի արդյունքներով, ամբողջությամբ ենթակա էր [վճարման] և վճարվել է ազգային պարկին:
Չորրորդ, շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական դրսևորումները, ինչպես կոյուղին և այլ դրսևորումներ Սևանա լիճ թափելը, կանաչ տարածքներ ապահովելը, դրանք եղել են այս փաթեթի կարևոր պայմաններից մեկը»,- ասաց նա:
Մինասյանը նաև կարծիք հայտնեց, թե իրեն մեղադրում են, որ բյուջեն փողով է ապահովել, որ ապահովել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:
«Մոռացե՛ք ազգանունները, Օհանյանին մոռացե՛ք: Որպես նախարար՝ իմ գործողությունների մեջ ո՞րն է իրավաչափ: Դուք սա գնահատեք»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ վիրավորական է, և որ 30 տարուց ավելի լինելով պետական ծառայության մեջ՝ նման «ցածրակարգ իրավական մտածողությամբ մեղադրանք» չէր հանդիպել:
ՀՀ գլխավոր դատախազը եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց. «Արծվիկ Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում այն մասին, որ որպես նախարար` պարտավոր էր անել մի քայլ՝ պաշտոնական գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմիններին տեղեկացներ, որ ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց: Վերջակետ:
Դրա փոխարեն օգտագործել օրենքում առկա բոլոր կարգավորումները, որն ինքն է նենգափոխված ներկայացնում հիմա (դրա մասին հետո կխոսենք, եթե ԱԺ-ն որոշում կայացրեց և մեղադրանք առաջադրեց), խոսում է [այն մասին], որ որպես նախարար` պարտավոր չէր իրականաությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը, և ինձ ասում է ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա պարտավոր էի ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց:
Օրենքը գրվում է ողջամտության կանխավարկածով: Օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց, և հակառակի մասին պետք է նախարարը ներկայացնի: Նախարարը դրա համար է այդ պաշտոնում:
Եկեք մի պահ պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Արծվիկ Մինասյանը այս փաթեթը չներկայացներ Կառավարություն: Ասեմ՝ ինչ կիներ: Գույքը կշարունակեր մնալ ապօրինի: Երբ պարոն Մինասյանը գեղեցիկ բառապաշարով ասում է՝ ես նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինքն իրականում այլ բան պիտի ասի, պիտի ասի՝ ես օրինականացրել եմ ապօրինին: Երբ ասում ենք՝ օրինականացրել է ապօրինին, չի նշանակում միայն սեփականության իրավունք, նշանակում է տիրապետման, տնօրինման ցանկացած ձևաչափ»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլավոր դատախազի միջնորդություններըը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: