Մենք տարբեր առաջարկներ ստացել ենք և ստանում ենք, բոլոր առաջարկների մասին ուղիղ կամ անուղղակի իմանում եք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ԱՄՆ-ից ստացե՞լ է Սյունիքի մարզի ճանապարհի մասով առաջարկ, ինչպես նախապես հայտարարել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, և արդյոք այդ առաջարկի հետ կապված քննարկումներ կա՞ն ՀՀ-ում:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը չի հրաժարվելու իր ճանապարհից, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի օրակարգն է, և ՀՀ-ն է դա առաջարկել աշխարհին՝ նշելով, որ հայկական կողմն ուզում է դա իրագործել:

«Մենք բոլոր առաջարկները քննարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հենքի վրա»,- հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր այդ մասին ասվում է:

Ըստ վարչապետի՝ քննարկումների շրջանակում կարող են հնչել «անծանոթ» բառեր, օրինակ՝ «միջանցք» բառը, որը հայաստանյան քաղաքական խոսույթում ունի մի քանի իմաստներ, որը նաև «ալերգիկ է»: Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհը ևս պաշտոնական փաստաթղթերում «տրանսպորտային միջանցք» է կոչվում:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեզ համար «միջանցք» բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստեր, բայց շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ ասում են «միջանցք», մենք վեր ենք թռչում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռչում, ասում են՝ բայց ի՞նչ ասացինք, ընդհանրապես ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք: Հիմա ամեն անգամ խնդիր է առաջանում, երբ ասում են՝ «միջանցք», թե իրենք ո՞ր «միջանցքը» նկատի ունեն»,- ասաց նա՝ միաժամանակ հաստատելով, որ Միացյալ Նահանգներից ստացել է առաջարկ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն