Վերջին տարիների մեր պատմությունը ոչ թե կորուստների պատմություն է, այլ ձեռքբերումների. Փաշինյան
Եթե ես ՀՀ վարչապետն եմ, ես ի՞նչ եմ զիջել: Ես ոչ մի բան չեմ զիջել: Եթե ես պատմական Հայաստանի վարչապետն եմ կամ (ինչպես ընդունված է ասել) համայն հայության վարչապետն եմ, կարող եք ասել՝ անընդհատ զիջել եք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ զիջումների է գնում:
«Վերջին տարիների մեր պատմությունը ոչ թե կորուստների պատմություն է, այլ ձեռքբերումների պատմություն է:
Այո՛, դուք կարող եք ասել, որ այս նժարի հայրենիքի մի մասը մենք կորցրել ենք, բայց դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն, որն իրականում նոր է տեղափոխվում մյուս նժարի վրա, որովհետև նախկինում մենք խառը բան ունենք, որը պարզ չէր…»,- ասաց նա:
Մեջբերելով իր այն հայտարարությունը, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչել, որովհետև այդ ժամանակ «Հայաստանի Հանրապետություն» պետությունը ձեռք է բերել «կոնկրետություն», Փաշինյանը եզրակացրեց, որ այս տրամաբանությամբ ինքը ոչինչ չի զիջել:
«Ես պատասխանատու կերպով ասում եմ՝ ես ոչ մի բան չեմ զիջել: Ես կանգնել եմ, կանգնած եմ և շարունակելու եմ կանգնած մնալ ՀՀ պետականության, ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության դիրքերում»,- հայտարարեց նա: