Գնահատականը՝ քեզ, թոշակի 10 տոկոսը՝ ինձ «հին ավանդույթները» չպետք է վերադառնան, այն չպիտի՛ կրկնվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում կատարված բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ոլորտի նշանակությունը տնտեսության զարգացման գործում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով զեկույցին, ներկայացրել է կառավարության ռազմավարական պատկերացումները կրթական համակարգի բոլոր մակարդակների վերաբերյալ՝ խիստ նախազգուշացում հղելով հնարավոր չարաշահումների վերաբերյալ։
«Կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարելավումն ու արդյունավետության բարձրացումն ուղիղ կերպով առնչվում է տնտեսության զարգացմանը։ Նախորդ տարի ընդունված օրենքի հիման վրա ներդրվել է մասնավորի հետ համագործակցության սկզբունքը, և արդյունաբերության, շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում գործում է նվազագույնը 50 հազար դրամ կրթաթոշակի տրամադրման մեխանիզմը։ 2023-ին համակարգում գրանցվել է 15 հազար նոր ուսանող՝ ընդհանուր թիվը հասցնելով մոտ 45 հազարի»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ 2023-2024 ուսումնական տարում պետության կողմից հատկացվել է շուրջ 6,064 տեղ միջին մասնագիտական և 3,312 տեղ արհեստագործական ծրագրերի համար։
«Տեղերը բաշխելիս հաշվի ենք առել աշխատաշուկայի պահանջարկը, լիցենզիաները, նյութատեխնիկական հնարավորությունները և մարզային ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները։ Մարզերում ուսանողների մոտ 90 տոկոսը ունի հնարավորություն օգտվելու պետության փոխհատուցումից։
Բացի այդ, հաստատվել է գերակա և առաջնահերթ մասնագիտությունների ցանկ, որոնցով գործում է կրթաթոշակի տրամադրման սկզբունքը։ Այս տարի որոշ մասնագիտություններ դուրս են մնացել ցանկից, փոխարենն ավելացվել են նորերը՝ մասնավոր հատվածի առաջարկով»,- նշեց Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ կառավարության ռազմավարական պատկերացումն ամբողջանում է: «Սկսում ենք նախադպրոցականից և ավարտում մասնագիտական ու բարձրագույն կրթությամբ։ Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին՝ իրենց բնակավայրին տրամաբանական հեռավորության վրա։ Սա պարտադիր կրթության մի մասն է։ Մանկապարտեզները այլևս պարզապես պահման վայր չեն՝ դրանք ունեն հստակ կրթական բաղադրիչ։ Երեխան այսեօպս թե այնպես մսուրային տարիքից սկսում է սովորել, և ճիշտ կլինի, որ մենք օգնենք նա սովորի այն ինչն իր համար կյանքը կդարձնի ավելի լավը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ մասնագիտական կրթության համակարգի դեպքում իրենց գլխավոր նպատակն է, որ շրջանավարտները հնարավորություն ունենան ինտեգրվել իրենց մարզի տնտեսությանը՝ ստանալով պահանջված մասնագիտություն և մնալով համայնքում։
«Իսկ այն ոլորտներում, որտեղ բարձրագույն կրթությունը պարտադիր է, ակադեմիական քաղաքում կկենտրոնացնենք բոլոր հնարավորությունները։ Այստեղ լինելու են ոչ միայն բուհեր, այլ նաև ավագ դպրոցներ՝ օժտված աշակերտների համար։
Ունենք ռազմավարություն նաև՝ նոր դպրոցների, մանկապարտեզների, մարզական և արվեստի դպրոցների վերաբերյալ։ Դպրոցներն ու կրթահամալիրները պետք է վերածվեն համայնքային կյանքի կենտրոնների, որտեղ դասերից հետո շարունակվում է կրթական, մշակութային ու սպորտային գործունեությունը։
Իսկ մասնագիտական կրթության ոլորտում պետք է նշել, որ մեր որոշումները արձագանք են գտել՝ տասնյակ հազար ուսանող է համալրել համակարգը։ Կրթաթոշակը՝ 50,000 դրամ ամսական, առաջին տարում տրվում է առանց պայմանի։ Հետագայում՝ ըստ առաջադիմության»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ուզում է հատուկ զգուշացնել. «Ուշադիր պետք է լինենք, որ այն չակերտավոր հին ավանդույթները չվերադառնան՝ գնահատականը՝ քեզ, թոշակի 10 տոկոսը՝ ինձ։ Սա չպիտի՛ կրկնվի։ Եթե այդ մոդելը սկսի կիրառվել, կդեֆորմացնի մեր ամբողջ ռազմավարությունը»։
Վարչապետը հավելեց, որ «քոլեջ» տերմինը վերապահվելու է մասնագիտական ուսումնական հաստատություններին, որտեղ արդեն արձանագրվում է պետական քաղաքականության առաջին դրական արձագանքը։