Ներդրումային խաբկանք. Հայաստանը՝ որպես ամերիկյան ատոմային փորձադաշտ. ի՞նչ է թաքնված Վենսի խոստումների հետևում
Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում տպավորություն ստեղծվեց, թե միջուկային համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգները պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում։ Ջեյ Դի Վենսի կողմից հնչեցրած հայտարարությունը ներդրումների վերաբերյալ «բուռն» ոգևորություն է առաջացրել իշխանական քարոզիչների շրջանում։ Այնինչ՝ իրականում գործ ունենք ներդրումային խաբկանքի հետ։ Եթե նույնիսկ այն իրականանա, խոսքը բոլորովին էլ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների մասին չէ, ինչպես կարծում են շատերը։ «Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, երկրորդ փուլում՝ ևս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության։ Նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»,- Հայաստանում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս հայտարարությունը շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Բայց իրականում խոսքը ոչ թե ֆինանսական, այլ տեխնոլոգիական ներդրումների մասին է, որը կարող է իրականացվել Հայաստանում՝ ամերիկյան մոդելով մոդուլային միջուկային ռեակտորի կառուցման պարագայում։ Միացյալ Նահանգները Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ կատարելու հետաքրքրություններ միշտ էլ չի ունեցել։ Ժամանակին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ էր խոսում էներգետիկ ոլորտում ամերիկյան 8 մլրդ դոլար ներդրումների իրականացման մասին։ Բայց այդ ներդրումներն այդպես էլ չկատարվեցին։ Չկատարվեցին նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Ընդհանրապես Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների մասնակցությունը շատ փոքր է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն հոսքերը հասնում են գրեթե 15 միլիարդ դոլարի, որից Միացյալ Նահանգների բաժինը կազմում է հազիվ 300-400 մլն դոլար։ Այս թվերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հեռանկարով։ Այն, ինչի մասին խոսում է Վենսը, իրականում ներդրում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ տնտեսության մեջ։ «Դա նշանակում է՝ մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,-ասում է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Սա ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այն մասին, որ Մեծամորի ատոմակայանին որպես փոխարինող հզորություն՝ Միացյալ Նահանգները մտադիր է փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել Հայաստանում։ 5 մլրդ դոլարն այն ռեակտորի կամ ռեակտորների արժեքն է, որոնք պետք է արտադրվեն ԱՄՆ-ում ու տեղադրվեն Հայաստանում։ Մնացած 4 միլիարդը սպասարկման ու միջուկային վառելիքով լիցքավորման ծախսերն են, այն էլ՝ երկարաժամկետ հատվածում։ Խոսքը կարող է լինել տասնյակ տարիների մասին։ Այս գումարը ևս Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ուղղակի ներդրում չի լինելու։ Այն ուղղվելու է ռեակտորի համար միջուկային վառելիքի ձեռքբերման, ինչպես նաև վճարվելու է ամերիկյան մասնագետներին՝ ռեակտորի սպասարկման համար։ Այն, ինչ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը, սրա մասին է, Հայաստանում ամերիկյան մոդուլային ռեակտորի տեղադրման մասին է։ Ամբողջ հարցը նրանում է, որ նման ռեակտորներ, բացառությամբ 1-2 փորձնականների, աշխարհում չեն շահագործվում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Դրանց արդյունավետությունը նույնիսկ մինչև վերջ հիմնավորված չէ, որովհետև դրա համար շահագործման ժամանակ է պետք։ Գործող 1-2 կայաններից ոչ մեկը դեռ չի անցել այդ ժամանակը՝ արդյունավետությունը հիմնավորելու համար։ Առավել ևս՝ այժմ շահագործման տակ գտնվող մոդուլային ռեակտորներն ամերիկյան չեն։ Ամերիկայում նման ռեակտորներ չկան, բայց արդեն ուզում են տեղադրել Հայաստանում։ Դրանով, ըստ էության, Հայաստանը վերածվում է փորձադաշտի, իր բոլոր ծանր հետևանքներով։ Այն, ինչ մտադիր են անել Հայաստանի այսօրվա կառավարիչները հայ-ամերիկյան այս գործակցության տակ, արկածախնդրություն է։ Անթույլատրելի է երկիրը նման ռիսկի տակ դնելը։ Դեռ չհաշված, թե ո՞վ պետք է վճարի դրա համար։ Խոսքը, ինչպես հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը, միլիարդավոր դոլարների մասին է։ Կա վճարման 2 տարբերակ. Առաջին՝ դա ձևակերպվում է որպես վարկ ու հերթական խոշոր պարտքն է կախվում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Այդ վարկի շրջանակներում իրականացվում է ռեակտորի՝ ինչպես սարքավորումների տեղափոխման, այնպես էլ՝ Հայաստանում մոնտաժման ու շահագործման աշխատանքները։ Երկրորդ տարբերակը՝ ներդրումներն են ամերիկյան ընկերությունների միջոցով։ Բայց այդ ներդրումները կատարվելու են ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ տնտեսության մեջ՝ մոդուլային ռեակտորի սարքավորումների արտադրության մեջ, որը պետք է տեղակայվի Հայաստանում։ Երկու դեպքում էլ Հայաստանը չափազանց բարձր գին է վճարելու՝ մի դեպքում՝ պարտքերի, մյուս դեպքում՝ ներդրումները վերադարձնելու տեսքով։ Պարտքերի պարագայում ամեն ինչ շատ պարզ է՝ դրանք պետք է վերադարձվեն։ Բայց այնպես չէ, որ միջուկային ռեակտորի տեղադրման համար կատարվող ներդրումները մենք չենք վերադարձնելու։ Վերադարձնելու ենք արտադրվող հոսանքի սակագների միջոցով, որն անգամներով ավելի բարձր է լինելու, քան այսօր Մեծամորի ատոմակայանում արտադրված հոսանքի սակագինն է։ Ցանկացած պարագայում նոր ատոմակայանի կառուցման ծախսերը մենք ենք փակելու, բայց այս դեպքում կա մեկ կարևոր խնդիր՝ մոդուլային ռեակտորների, առավել ևս՝ ամերիկյան մոդելի արդյունավետությունը մինչև այս պահը գործնականում հիմնավորված չէ։ Բացի այն, որ դա անվտանգային լրջագույն ռիսկեր կարող է պարունակել, այլև ինչ-որ պահի կարող է պարզվել, որ չի արդարացնում իրեն, ավելի ծախսատար է ու թանկ։ Այդ դեպքում ո՞վ պետք է վճարի այդ գինը։ Հաստատ այսօրվա իշխանությունները չէ, որ վճարելու են։ Դրա համար էլ անկաշկանդ գնում են այսպիսի արկածախնդրության՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու ու հերթական ներդրումային «բումով» կերակրելու համար։ Տեսել ենք, թե մինչև հիմա ինչպիսի ներդրումային բում են ապահովել։ Այնպես են արել, որ ներդրողները Հայաստանից գնում են։





























