Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին. FRANCE 24
Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակում FRANCE 24-ին տված հարցազրույցում Ալիևը կտրականապես հրաժարվել է ներում շնորհել Լեռնային Ղարաբաղի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին։ Այդ հարցը բարձրացվել է այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ նրա հանդիպման ժամանակ։ Ալիևը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ։ «Այդ մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել»,- հայտարարել է նա։ Երբ նրան հարցրել են «էջը շրջելու» և նրանց ներում շնորհելու մասին, Ալիևը հայտարարել է. «Նրանց հանցագործությունն ավելի վատ էր, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը»։ Իլհամ Ալիևը միաժամանակ հայտարարել է, որ օգոստոսին Սպիտակ տան գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել»։ «Ինձ համար ամեն ինչ ավարտված է»,- ասել է նա։ Ալիևը վստահություն է հայտնել TRIPP նախագծի՝ Հայաստանի միջով Նախիջևանի ադրբեջանական էքսկլավը Եվրոպայի հետ կապող ճանապարհային և երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։ «Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա»,- ասել է նա՝ շեշտելով, որ նախագիծը «կրում է նախագահ Թրամփի անունը»։ Պատասխանելով Ֆրանսիայի մասին հարցին, որի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, Ալիևը հաստատել է առաջընթացը՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ 2025 թվականի հոկտեմբերին Կոպենհագենում անցկացված հանդիպումից հետո. «Մենք համաձայնեցինք սեղմել վերագործարկման կոճակը։ Մենք դրան պատրաստ ենք»։




































