Զգուշացրել եմ, որ չխոսեն, չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները. Փաշինյանը սպառնում է
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց, թե որոշ շրջանակներ նպատակ ունեն կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տալու։ «Զգուշացնում եմ նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանի մեջ ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու, և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի տակ թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները․․․ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց՝ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա դա էլ կարվի։ Նրա խոսքով՝ կաթողիկոսությունը տեղափոխելու փորձերի վերաբերյալ ինքը որոշակի տեղեկություններ ունի։ «Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու․ թռնեն ներքև, իջնեն ներքև, չի լինելու… Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- սպառնաց նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։



































