Բայդենի վարկանիշը հասել է պաշտոնավարման ընթացքում ամենացածր ցուցանիշին՝ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ վստահություն վարկանիշը նվազել է՝ հասնելով 46 տոկոսի՝ պայմանավորված Աֆղանստանում թալիբների իշխանության գալով: Այս մասին վկայում են Reuters գործակալության և Ipsos սոցիալական ծառայության անցկացրած հարցման արդյունքները:
Գործակալության տվյալներով՝ այս գնահատականն ամենացածրն է վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Անցյալ շաբաթ անցկացված նմանօրինակ հարցման տվյալների համեմատ՝ նվազել է 7 տոկոսով: Նախքան թալիբների՝ Քաբուլ մտնելը, Բայդենի գործողությունները դրական էր գնարատում ամերիկացիների 53 տոկոսը:
Աղբյուրը նշում է, որ Բայդենի վստահության վարկանիշն ավելի ցածր է, քան նախկին նախագահ Ջորջ Բուշինը, որի օրոք ԱՄՆ-ն զորք մտցրեց Աֆղանստան:
Ipsos-ի առանձին հարցման տվյալներով՝ ամերիկացիների 75 տոկոսը կողմ է հավելյալ զինվորականներ Աֆղանստան ուղարկելուն՝ ապահովելու համար առանցքային կառույցների անվտանգությունը մինչև ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը: ԱՄՆ քաղաքացիների մոտ նույն տոկոսը հավանություն է տալիս նաև աֆղանների տարհանմանը, որոնք օգնել են ամերիկացի զինվորականներին:
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերել մինչև սեպտեմբերի 11-ը: