Իրանագետ Վարդան Ոսկանյանը կասկած չունի, որ Իրանի դեմ հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հաշվարկել է նաև ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին և դրանում ռիսկերի գնահատումից հետո միայն անցել գործողությունների։ Սակայն, ըստ նրա, պարզ է նար, որ ամեն ինչ հստակ հաշվարկելն էլ անհնարին է, հատկապես, եթե ի նկատի ունենանք, որ իրանական Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աղջիկ դպրոցականների զոհվելն այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ նաև պետքարտուղար Ռուբիոն։

«Մյուս կողմից՝ սպասելի էր, որ դեմոկրատները ևս պասիվ չեն լինի, և Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոնը երեկ չափազանց խիստ տոնայնությամբ քննադատել է նախագահ Թրամփին ամերիկացի զինվորների զոհվելու, ինքնաթիռների կորստի, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու և, որ ամենակարևորն է, իրանական դպրոցը և երեխաներին թիրախավորելու համար։

Սրան զուգահեռ Նյու-Յորքում տեղի է ունեցել կարծես թե առաջին հակապատերազմական ցույցը։ Իրավիճակն այդքան էլ բարվոք չէ եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում՝ չնայած առայժմ խոսքային մակարդակում մի քանի երկրների ղեկավարների աջակցությանը, չափազանց սուր հակապատերազմական հռետորաբանությամբ է հանդես գալիս Իսպանիան, իսկ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը միայն Սպիտակ տան նկատելի ճնշման տակ, ի վերջո, համաձայնեց տրամադրել Դիեգո Գարսիա բրիտանական ռազմակայանը Հնդկական օվկիանոսում։

Բավական հետաքրքիր ցուցիչ է նաև հանրապետական և Թրամփի մտերիմ դաշնակից սենատոր Գրահամի հայտարարությունը «Fox News»-ին առ այն, որ եթե Եվրոպայում քաղաքական հակակրանքի վերաբերյալ հարցում անցկացվի, ապա Թրամփը և Նեթանյահուն կլինեն առաջին երկու տեղերում»,-գրում է իրանագետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ