Իրանը հերքում է Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակմանն իր մասնակցությունն ու մեղադրում Իսրայելին
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն անօդաչուներով չի հարվածել Նախիջևանի միջազգային օդանավակայանին, ինչի մասին հայտարարվել էր այսօր ավելի վաղ։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը։
«Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրներին»,- հայտարարել է Ղարիբաբադին։
Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է՝ հարվածներ հասցնել միայն իր հակառակորդների ռազմակայաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելը՝ խմբ.), որոնք, նրա պնդմամբ, ակտիվություն են ցուցաբերում տարածաշրջանում և օգտագործվում Իրանի խաղաղ քաղաքացիների վրա հարձակման համար:
«Որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ եթե տարածաշրջանում կա որևէ ռազմաբազա, և դա օգտագործվում է Իրանի վրա հարձակման համար, մենք նրանց հարվածներ կհասցնենք։ Այդպիսին է մեր քաղաքականությունը»,- ասել է Ղարիբաբադին։
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ՝ այս հարձակումը Իսրայելի օպերացիան է։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կեսօրին Իրանի կողմից անօդաչուները մտել էին Նախիջևանի օդային տարածք։ Դրանցից մեկը հարվածել էր Նախիջևանի միջազգային օդանավակայանի շենքին, իսկ մյուսն ընկել Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Նախիջևանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 4 տուժածի մասին։
Պաշտոնական Բաքուն նշել էր, որ իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ։ «Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Իրանական կողմին կփոխանցվի վճռական բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։







































