Աֆղանստանի իսլամական համակարգի ապագան ժողովրդին հայտնի կդառնա առաջիկա մի քանի օրերի ընթացքում, ասել է Դոհայում «Թալիբան» շարժման ներկայացուցիչ, «Թալիբան» շարժման բանակցային թիմի անդամ Վարդակ Ալհանաֆին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով` այս հարցի շուրջ այժմ շատ քննարկումներ են ընթանում: «Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերն ու փոքրամասնությունները կտեսնեն իրենց ներկայացուցիչներին այս համակարգում: Դա կլինի հզոր, լայն կենտրոնացված համակարգ, որը կկառավարի ամբողջ երկիրը»,- Twitter-ում գրել է Ալհանաֆին:

Նախօրեին թալիբների պաշտոնյաները բանակցություններ էին վարել Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախկին նախագահ Աբդուլահ Աբդուլահի, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի եւ Սենատի նախկին խոսնակ Ֆազլ Ալ-Հադի Մուսլիմյարի հետ:

Աբդուլահը Facebook-ում հայտնել էր, որ «բարձր է գնահատել իր տանը «Թալիբան» շարժման մի շարք առաջնորդների ներկայությունը եւ նրանց կոչ է անում առաջնահերթություն տալ մարդկանց անվտանգությանը, կյանքի, գույքի, պատվի եւ արժանապատվության պաշտպանությանը»: «Այս փուլում բոլորիս համար առաջնայինը պետք է լինեն մարդկանց հավաքական անվտանգությունը, կյանքը եւ ունեցվածքը»,- ընդգծել էր Աբդուլահը:

Ավելի վաղ թալիբները սկսել էին ներառական իսլամական կառավարության ստեղծման շուրջ քննարկումները: Հայտնի էր դարձել նաեւ, որ նրանք ծրագրում են հայտարարել Աֆղանստանի իսլամական էմիրության ստեղծման մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն