Փաշինյանն այսօր փորձում է ստանձնել ՀՀ-ում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նnղկալի դերը. ՀԱԿ
Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում։ Այս մասին նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Իսկ այժմ անդրադառնանք Փաշինյանի հայտարարության շարժառիթներին։ Դա հնչում է մի մարդու շուրթերից, որի 8 տարվա կառավարման օրոք ունեցել ենք տասը բախում Ադրբեջանի հետ, այդ թվում երեք զինված հակամարտություն, որոնց ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրել են աղետալի կորուստներ և պարտություններ․
1․ 2020թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մերժեց արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ ծրագիրը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ,
2․ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքներ Վարդենիսում, Ջերմուկում եւ Սյունիքում, ինչը հետեւանք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ առաջարկված պլանի մերժման փաշինյանական քաղաքականության,
3․ 2023թ․ պատերազմը, որը տեղի ունեցավ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքով և ավարտվեց Արցախի բնակչության դեմ կատարված ցեղասպանությամբ՝ տեղահանությամբ։
Արցախի կորուստը և Հայոց պետականության աղետալի թուլացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման գլխավոր արդյունքներն են։ Փաշինյանը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի նկատմամբ իր գործած ոճիրը և ողորմելի ջանքեր գործադրում հայ ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար։
Իրականում, 1988-ի շարժումը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը, և ի սկզբանե կրում էր ոչ բռնի, սահմանադրական, օրինական բնույթ։ Երբ Ադրբեջանը դրան պատասխանեց ռազմական ագրեսիայով, Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր էր լուծել խաղաղ եղանակով, եթե որդեգրվեր միջազգային հանրության կողմից առաջարկված փոխզիջումային կարգավորման պլանը։ Ամենամեծ «ավանտյուրան»՝ բախտախնդրությունը, դա չանելն էր։ Հայ ժողովրդին և նրա պետականությանը աղետալի հարվածներ հասցրած այդ բախտախնդրության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխանատվությունից խուսափելու և իշխանությունը պահպանելու նպատակով նա այսօր փորձում է ստանձնել Հայաստանում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նողկալի դերը։ Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիևից և Էրդողանից կախվածությունն է։ Ուրիշ ոչինչ։
Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին, և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ միշտ է հանդես եկել այդ դիրքերից, բայց կտրականապես մերժում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր ներքին գործերին միջամտելու որևէ փորձ։
Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում»։









































