Ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան, մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված. Մանասյանը՝ կալանավորված 18-ամյա Դավիթի մասին
Այդ միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի, թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար, յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա օբյեկտիվ, անկախ քննության առարկա։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։
Դիտարկմանը, որ երիտասարդները նաև քաղաքական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով են մեղադրվում, ի՞նչ քաղաքական գործունեություն էր իրականացնում Նիկոլ Փաշինյանը եկեղեցում, որ խոչընդոտվել է, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Մեղադրանքի հետ կապված պարզաբանումները մենք արդեն իսկ պահանջել ենք առաջին պահից, երբ հարցի հետ կապված հրապարակային տեղեկատվություն է եղել։ Դրա վերաբերյալ պարզաբանումները ստանալուց հետո ես ինքս հնարավորություն կունենամ շատ ավելի մանրամասն վերլուծելու, որովհետև այս պահին դրա հնարավորությունը, համենայնդեպս, մյուս կողմի լսած չլինելու պայմաններում ինքս չունեմ։
Երևի թե հիմնական բանը, որ պիտի ասեմ, այն է, որ անձի ազատությունից զրկման հետ կապված մտահոգությունները յուրաքանչյուրս ունենք։ Ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան, մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված»։
Մանասյանը տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ–ի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, Դավիթ Մինասյանին տեսակցել են և շուտով նաև մի փոքր հրապարակային տեղեկատվություն կտան։
Ինչ վերաբերում է նրան, որ երեկ, երբ Դավիթ Մինասյանը գիտակցության կորուստ է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց, նրա պաշտպանները հարցադրում էին անում, թե ո՞ւր է մարդու իրավունքների պաշտպանը, Մանասյանն ասաց. «Ճիշտ ասած` մի քիչ տարօրինակ է, երբ ասում են՝ որտեղ է մարդու իրավունքների պաշտպանը, որովհետև չի եղել որևէ ահազանգ, որը անպատասխան է եղել այդ թվում այս դեպքով պայմանավորված։ Ընդ որում իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել են իմ աշխատակիցները և հանդիպել դեռևս այն սկզբնական փուլերում։ Այսօր նորից գնացել են հանդիպել են։ Իմ աշխատակիցները ոչ միայն ազատությունից զրկված անձի հետ են խորհրդապահական զրույց ունեցել, այլ նաև ընդհանուր բոլոր փաստաթղթերն ու պայմաններն են դիտարկել։
Այո, դեպքը պիտի դառնա օբյեկտիվ և անկախ քննության առարկա, բայց արդյոք կալանքը որպես խափանման միջոց այս իրավիճակում պետք է կիրառվի, թե ոչ, հաշվի առնելով նաև անձի հետ կապված տարատեսակ խնդիրներ, առողջական վիճակով պայմանավորված, ես դրանք չեմ բարձրաձայնում, որովհետև ես վստահ չեմ, որ անձինք կուզենան բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակել։
Առողջական վիճակի հետ կապված մտահոգություններ, այո, կան, բայց վերջնական եզրահանգում անել, թե արդյոք դա կալանքի հետ համատեղելի է, թե ոչ, ես, բնականաբար, հիմա չեմ կարող անել։
Նկատի ունենալով, թե անձի առողջական վիճակի, թե տարիքի, թե կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված մի շարք հանգամանքներ, այս բոլոր հանգամանքները առնվազն խափանման միջոցի կիրառման առումով պետք է ուշադրության արժանանան։









































