«Խաղաղությունն այսօր է, այստեղ է, հիմա է»․ այս ձևակերպմամբ Նիկոլ Փաշինյանը ՔՊ համաժողովում հերթական անգամ փորձել է քաղաքական դաշտը բաժանել «խաղաղության» և «պատերազմի» ճամբարների՝ ընդդիմությանը վերագրելով «պատերազմի կուսակցության» պիտակը։

Գործ ունենք պարզունակ քաղաքական տեխնոլոգիայի հետ՝ կեղծ երկընտրանքի կառուցման։ Երբ ընտրողին առաջարկվում է ընտրել ոչ թե ծրագրերի, պատասխանատվության միջև, այլ վախի ու սպառնալիքի՝ «կամ ես, կամ պատերազմ», քաղաքական գործընթացը դադարում է լինել մրցակցային և վերածվում է հոգեբանական ճնշման մեխանիզմի։

Փաշինյանը ստեղծում է այն կեղծ պատրանքը, թե պատերազմն ու խաղաղությունը կախված են բացառապես իշխանության կազմից։ Սա ոչ միայն վտանգավոր պարզեցում է, այլև՝ իրականության խեղաթյուրում։ Հակամարտության տրամաբանությունը ձևավորվում է առաջին հերթին՝ արտաքին դերակատարների կողմից, մասնավորապես Ադրբեջանի քաղաքականության միջոցով։ Երբ այս հանգամանքը միտումնավոր մղվում է երկրորդ պլան, ձևավորվում է կեղծ պատասխանատվության համակարգ։

Երբ Հայաստանի ներսում ձևակերպվում է, թե գործող իշխանությունը «խաղաղության միակ երաշխավորն» է, իսկ ցանկացած այլ ուժ՝ «պատերազմի ռիսկ», այդ ազդակը փոխանցվում է նաև արտաքին դերակատարներին։ Սա կարող է խթանել առավել ագրեսիվ հաշվարկներ Բաքվում՝ հատկապես ընտրական փուլում, երբ ցանկացած ճնշում կամ սրացում կարող է օգտագործվել որպես ներքաղաքական լծակ։

Փաշինյանի նման հռետորաբանությունը թուլացնում է հենց Հայաստանի բանակցային դիրքերը։ Երբ դու հայտարարում ես, որ ցանկացած այլ սցենար պատերազմ է, փաստացի ցույց ես տալիս, որ պատրաստ ես գնալ գրեթե ցանկացած զիջման՝ միայն թե պահպանես «խաղաղության» իմիտացիան։ Սա արդեն կապ չունի դիվանագիտության հետ ու ադրբեջանական վասալիտետի բացահայտ ընդունում է:

Խաղաղությունը չի կարող լինել մեկ քաղաքական ուժի սեփականությունը կամ մեկ անձի մենաշնորհը։ Կայուն խաղաղությունը կառուցվում է ինստիտուցիոնալ կարողությունների, բալանսավորված արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգերի և ազգային համախմբման վրա։ Այն չի կարող լինել ընտրական կարգախոս կամ քարոզչական նարատիվ։

Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը, որը հիմնված է նման մանիպուլյացիայի վրա, չի կարող լինել կայուն։ Այն լավագույն դեպքում ժամանակավոր դադար է, իսկ վատագույն դեպքում՝ նոր, ավելի ծանր ճգնաժամերի նախերգանք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ