ՔՊ-ն ընտրություններով փորձում է լեգիտիմացնել հակասահմանադրական օրակարգը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է կաթողիկոսի «հանգստի կոչման», ապա՝ տեղապահի ընտրության, կանոնադրական փոփոխությունների և նոր կաթողիկոսի ընտրության գործընթացը՝ այն ներկայացնելով որպես եկեղեցու «բարենորոգում»։
Սա ոչ թե բարենորոգման օրակարգ է, այլ քաղաքական բիրտ միջամտության ծրագիր։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Սա հիմնարար սկզբունք է, որը բացառում է պետական իշխանության ներգրավվածությունը եկեղեցու ներքին կառավարման հարցերում։ Կաթողիկոսի ընտրությունը կամ պաշտոնանկությունը եկեղեցու բացառիկ իրավասության տիրույթում է։
Այս պայմաններում իշխող կուսակցության ծրագրում նման դրույթի ներառումը փաստացի նշանակում է, որ իշխանությունը քաղաքական մակարդակում հավակնում է միջամտել եկեղեցու կառավարմանը։ Սա արդեն առնչվում է սահմանադրական կարգի պահպանման խնդրին։
Ավելին, ակնհայտ է, որ այս օրակարգը փորձ է արվում լեգիտիմացնել ընտրությունների միջոցով՝ այն ներկայացնելով որպես «հասարակական վստահություն» ստացած նախաձեռնություն։ Այսպիսով՝ ընտրական մանդատը փորձ է արվում վերածել քաղաքական արդարացման հիմքի՝ այնպիսի քայլերի համար, որոնք հակասում են սահմանադրական սահմանափակումներին։ Սակայն որևէ ընտրական արդյունք չի կարող վերացնել Սահմանադրությամբ ամրագրված սահմանները։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները տալիս են մանդատ քաղաքական որոշումների համար, բայց չեն կարող չեղարկել սահմանադրական արգելքները։
Այս իրավիճակում ընդդիմության հակազդեցությունը պետք է լինի համակարգային։
Նախ, քաղաքական հարթակում անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդրի էությունը՝ այն ներկայացնելով որպես սահմանադրական կարգի խախտման փորձ։
Երկրորդ, պետք է կիրառել իրավական գործիքակազմ՝ համապատասխան մարմինների միջոցով բարձրացնելով հարց իշխանության հայտարարությունների և հնարավոր գործողությունների սահմանադրականության վերաբերյալ։
Երրորդ, անհրաժեշտ է ձևավորել լայն հանրային և փորձագիտական դաշտ՝ արձանագրելու, որ խոսքը պետություն–եկեղեցի հարաբերությունների խախտման մասին է, ինչը վտանգավոր է պետական համակարգի համար։
Վերջապես, ընդդիմությունը պետք է կարողանա այս թեման վերածել քաղաքական պատասխանատվության հարցի՝ ստիպելով իշխանությանը հստակ պատասխան տալ իր ծրագրային հայտարարությունների համար։





































