Փորձես համոզել, որ ոչ մի ուժ շանս չունի ընտրվելու՝ մոռանալով, որ ընտրողը դու չես, այլ ՀՀ քաղաքացին. Արմինե Օհանյան
8 տարի կառավարես երկիրն ու չհասկանաս, որ դու ոչ միայն քեզ ընտրողների վարչապետն ես, այլ նաեւ քեզ չընտրողների, քեզնից զզվողների, քո հեռացումը երազողների, քեզ քննադատողների, քեզ ընդդիմացողների...
Ծամածռվես ու ծաղրես բոլոր ընդդիմադիրներին, ատես քո ազգակործան քաղաքականության հետ չհամաձայնող յուրաքանչյուրին: Քո անդաստիարակ ու լկտի թիմին պարբերաբար քսի տաս ընդդիմության եւ ընդդիմախոսներիդ վրա։
Տափակ հումորներ անես, օրենք ու Սահմանադրություն խախտես, անթույլատրելի, կեղծ, անբարո սպառնալիքներ հնչեցնես հասարակության և տարբեր խմբերի հասցեին։
Վիրավորես հայի ազգային արժանապատվությունը, տրորես նրա սրբություններն ու նուրբ զգացումները, հաշվի չնստես մարդկանց ավանդույթների ու պատմական հիշողության հետ...
Ակնհայտորեն պաշտպանես ու կրկնես մեր դարավոր թշնամիների վտանգավոր թեզերն ու խոցես հայի ինքնասիրությունը, տրորես, ջնջես նրա անցած ուղին, ոչնչացնես նրա երազները...
Վախեցնես պատերազմով ու տարբեր արհավիրքներով, երբ ամենադաժան արհավիրքն այս ժողովուրդն արդեն զգացել ու տեսել է՝ 2018-ից հետո տեղի ունեցած դեպքերի տեսքով եւ լավ գիտի, թե ով է դրանք բերել իր գլխին։
Փորձես սահմանափակել տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին, տեռորով ու ապօրինի քրեական գործերով վախեցնես մրցակիցներիդ։
Ներշնչես, որ դու եւ քո օրապակաս թիմն «արդեն ընտրված եք» եւ ոչ մի ուժ չի կարող ձեր «սարանչայի» դեմն առնել։
Փորձես համոզել, որ ոչ մի ուժ շանս չունի ընտրվելու՝ մոռանալով, որ ընտրողը դու չես, այլ ՀՀ քաղաքացին եւ քաղաքական պայքարը մցակիցների վրա ցեխ շպրտելը չի, պաշտոնական դիրքը չարաշահելով` մյուս ուժերին ճնշելը չի: Եվ եթե իրոք վստահ ես, որ ընտրվել ես, ինչու՞ թույլ չես տալիս, որ արդար ընտրություն լինի, ինչու՞ ես ամբողջ պետական մեքենան հանել ժողովրդի դեմ` ուզում ես ամենանողկալի մեթոդներով նրան հաղթել...
8 տարի շարունակ խոսես ազատ, արդար ընտրություններից, ընտրակեղծիքների էջը փակելուց եւ անգամ համայնքային ընտրություններում թույլ չտաս, որ քաղաքացու քվեն տեղ հասնի, նրա ընտրած մարդիկ համայնք ղեկավարեն:
Դրժես բոլոր նախկին խոստումներդ, խախտես բոլոր նախկին ասածներդ՝ հանուն մի բանի, որ շարունակես իշխել ու...երկիրը մինչեւ վերջ կազմաքանդել։
ՀԳ Ժամանակին ուժայիններին ատում էր, (մանավանդ երբ իրեն դատում էին) հայհոյում, քննադատում, հիմա առիթը բաց չի թողնում այցելելու, պարգևավճար ու մեդալներ տալու: Կյանքը ոստիկանների, քննիչ, դատախազների ձեռքում է, նրանք են իր միակ հույսն ու հենարանը...որ օրը իրենից երես թեքեցին` իր իշխանությունը թղթի տնակի նման կփլվի...








































