ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը։

«Էմանուել Մակրոնի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման առաջընթացի մասին: Նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար:

Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Թալիբների շարժման իշխանության գալուց հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը մանրակրկիտ քննարկվել է: Երկուստեք նշվել է խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և հումանիտար հրատապ խնդիրների լուծման կարևորությունը: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով, այդ թվում ՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի և G20-ի շրջանակներում, օգնելու Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Նախագահներն անդրադարձ են կատարել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, կողմ են արտահայտվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման վերսկսման շուրջ բանակցությունների շարունակմանը, որը միջուկային զենքի չտարածման հարցում էական գործոն է:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ներքին ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրների շուրջ: Մտահոգություն է արտահայտվել Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող լարվածության կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք այլ տարածաշրջանային թեմաներ, ներառյալ Աֆրիկյան մայրցամաքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն