Պերուում հնագետները հայտնաբերել են մոտ 5 000 տարի առաջ ապրած կնոջ բացառիկ լավ պահպանված գերեզմանը՝ Կարալի քաղաքակրթության ժամանակներից, որն Ամերիկայում ամենահին քաղաքակրթություններից մեկն է, գրել է Popular Mechanics-ը։

Գերեզմանը գտել են Ասպրսոյի հին ձկնորսական բնակավայրում, Խաղաղ օվկիանոսից ոչ հեռու։

Զավեշտն այն է, որ դեռ մի քանի տասնամյակ առաջ այդ վայրն օգտագործվել է որպես սովորական աղբավայր։ Միայն 1990-ականներին են հնագետներն սկսել լրջորեն ուսումնասիրել տարածքը։

Նախնական վերլուծության համաձայն՝ կինը եղել է 20-35 տարեկան։ Սակայն գլխավորն այն է, որ նրա մնացորդները պահպանվել են զարմանալիորեն լավ․ հնագետները գտել են ոչ միայն ոսկորներ, այլև մաշկ, մազեր ու եղունգներ։ Այս տարածաշրջանի համար դա չափազանց հազվագյուտ երևույթ է համարվում։

Նրան հուղարկավորել են իսկական շքեղությամբ։ Մարմինը փաթաթված էր գործվածքի և եղեգնյա գորգերի մի քանի շերտերով, իսկ վերևում դրված էր արա թութակների վառ փետուրներից պատրաստված վերարկու։ Մոտակայքում գտել են ուլունքներով զարդարված տուկանի կտուց, քարե անոթներ, զամբյուղներ, խեցիներ և տասնյակ քաղցր կարտոֆիլներ։ Այս ամենը վկայում է կնոջ բարձր կարգավիճակի մասին։

Հնագետներին հատկապես հետաքրքրել է ոլորված թելերից պատրաստված գլխազարդը՝ հավանաբար իշխանության կամ էլիտային պատկանելու խորհրդանիշ։ Գիտնականները կարծում են, որ այս գտածոն ցույց է տալիս, որ Կարալի քաղաքակրթությունում կանայք կարող էին զբաղեցնել չափազանց կարևոր դիրք հասարակության մեջ, այլ ոչ թե մնալ տղամարդկանց ստվերում, ինչպես երկար ժամանակ ենթադրվում էր։

Եվ դա պատմությունն էլ ավելի հետաքրքիր է դարձնում։ Կարալը գոյություն է ունեցել մոտավորապես այն նույն ժամանակ, երբ կառուցվում էին Հին Եգիպտոսի բուրգերը և զարգանում էին Միջագետքի ու Չինաստանի քաղաքակրթությունները, սակայն այս մշակույթն առաջացել է գրեթե մեկուսացված պայմաններում։ Իսկ հիմա հնագետներն ավելի շատ ապացույցներ են ստանում, որ այս հին աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը կարող էր հենց կին լինել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ