«Հրապարակ» թերթը գրում է.

«Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»»,- օրերս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք դա վարչապետ Փաշինյանի հետ եւ առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում: Իրականում, եւ նա կհաստատի, ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ եւ այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել՝ մենք կսատարենք այն ամենը, ինչը շահավետ է հայ ժողովրդին»,- Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շաբաթ օրը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Պուտինը եւ շեշտել. «Հայ ժողովրդի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք դարեր շարունակ: Եվ եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»:

Միաժամանակ, ՌԴ նախագահը մատնանշել է որոշ հանգամանքներ, որոնք, ըստ նրա, կարեւոր են թե՛ իրենց եւ թե՛ գործընկերների համար. «Օրինակ՝ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է: Անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար 2025 թվականին: Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»: Դա, ըստ Պուտինի, վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, հարկերին, ինչպես նաեւ՝ միգրացիոն ոլորտին: «Եվ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք եւս համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը` ըստ էության, Նիկոլ Փաշինյանին ժամանակ տալով, որ մինչեւ առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովը (մինչեւ մայիսի 28-ը) որոշում կայացնի: Երեկ հայտնի դարձավ, որ այդ գագաթնաժողովին մեկնելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Մհեր Գրիգորյանը:

Նախորդ շաբաթ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը սրել է հայ-ռուսական հարաբերությունները: Այն ամբողջությամբ անցավ հակառուսականության մթնոլորտում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ չհստակեցրեց՝ Երեւանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել, թե՞ ոչ, ինչ-որ անորոշ հայտարարություններ արվեցին։ «Եթե մեզ կընդունեն Եվրոպական Միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական Միության անդամ, բոլոր դեպքերում, մենք կլինենք շահած դիրքերում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մեզ հետ զրույցում խոսելով Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հայտարարությունների մասին, ասում է. «Հայտարարությունը շատ պարզ է: Պուտինի խոսքով` այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող տեղավորվել այն քաղաքական տրամաբանության մեջ, որը գոյություն ունի: Պուտինը հստակ ասաց` կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ: Ի վերջո, Հայաստանն ասում է՝ երբ ցանկանանք, այն ժամանակ էլ ապահարզանի կդիմենք, իսկ Պուտինը պատասխանում է, որ դա Հայաստանի ուզելով չէ, որ երբ Հայաստանը ցանկանա, այն ժամանակ պրոցեսը կյանքի կոչվի։ Ռուսաստանն ասում է, որ ինքը կգնա այդ քայլին: Եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում նոր իշխանություն ձեւավորվի, լրիվ այլ իրավիճակ կլինի, բայց եթե հանկարծ այսօրվա իշխանությունը վերարտադրվի, դա նշանակում է, որ Ռուսաստանն իրապես ապահարզանի է գնալու: Թե ինչ է լինելու, դա բոլորը հասկանում են: ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանը զրկվում է բոլոր առկա հնարավորություններից, եւ խնդիրն այն է, որ ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով՝ բացառված բան է, զուտ այն պատճառով, որ ուղղակիորեն չկան նախադրյալներ, որ Հայաստանը միանգամից կարող է դառնալ ԵՄ անդամ, եւ, անկեղծ ասած, ես անգամ հեռանկարում չեմ տեսնում նման բան: Այնպես որ, Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, եւ հայ ժողովուրդը պետք է հստակ որոշի, թե իր ապագան որտեղ է տեսնում: Մենք` ընդդիմադիրներս, շատ մեծ անելիք ունենք այս հարցում: Մեր ունեցած շփումները ցույց են տալիս, որ մարդիկ սիրում են փաստարկված խոսք լսել, ուստի պետք է հասարակությանը բացատրել, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»:

Բայց իշխանությունները, գիտակցելով այս ամենի հետեւանքները, կգնա՞ն այս քայլին։ «Իսկ ի՞նչը պետք է կաշկանդի իշխանություններին: Ինչքան վատ ժողովրդի համար` այնքան լավ Նիկոլի համար: Նրա վերջին օրերի ելույթները պարզապես կասկածի տեղ չեն թողնում, թե այդ մարդն ով է: Նա ուղիղ տեքստով ասաց, որ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, իսկ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել։ Նման մարդուց ի՞նչ լավ բան կարելի է սպասել: Նա բացառապես կարող է Հայաստանը կործանել, իսկ այս պարզ իրողությունը ովքեր չեն հասկանում, վատ է»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ