Արտակարգ դեպք Ապարանում․ «Զազո» ցլիկին ու «Զուզու» հորթուկին գողանալուց հետո գողերը 06-ով վթարի են ենթարկվել (ֆոտո)
Այսօր, օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 03։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, ով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։ Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաև, որ անասունները նրանք գողացել էին։ Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ «Ապարան» բժշկական կենտրոնից Ա․ Խաչատրանը անգիտակից վիճակում տղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Պարզվել է նաև, որ նա 06-ով բախվել է Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված MAN մակնիշի ավտոքարշակին։
Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նարեկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: