Ինժեներական աշխատանքների համար զինվորներից գումար չեն հավաքել. հերքում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող տեղեկություններից մեկը, ըստ որի զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները իրականացնելու համար զինվորներից գումար են հավաքել:
«Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։
Նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։
Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ զինված ուժերի մասին չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն տարածելուց և, կամա թե ակամա, չվնասել բանակի հեղինակությանը»,- հայտնում են ՊՆ-ից։