«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ ակտիվ, խելացի երեխա էր Տիգրանս։ Հանգիստ ու հավասարակշռված տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Տիգրանի մայրիկը։ Տիգրանը ծնունդով Արցախից է՝ Ասկերանից։ «Այդ ժամանակ մեզ մոտ մանկապարտեզ չկար, նա ամբողջ օրը տանն էր։ Շատ ակտիվ երեխա էր, բայց նաև շատ խելոք, կազմակերպված»։
Տիգրանը հաճախել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։ «Գերազանց առաջադիմություն է ունեցել, ունի մի շարք պատվոգրեր։ Խելացի, պարտաճանաչ աշակերտ էր։ Բոլոր առարկաներն էլ շատ լավ էր սովորում, բայց առանձնահատուկ վերաբերմունք ուներ պատմության և հատկապես Հայոց պատմության, աշխարհագրության հանդեպ։ Միշտ էլ հարցեր է տվել Արցախյան առաջին պատերազմի մասին։ Սիրում էր կարդալ Գարեգին Նժդեհ։ Իր համար առաջին տեղում էին Գարեգին Նժդեհը և Վազգեն Սարգսյանը։ Նժդեհի գիրքն ունեինք, որը մեկ անգամից ավելի է կարդացել։ Ամուսինս առաջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, և հայրենասիրությունը փոխանցվել էր Տիգրանին։ Հայրիկը պատմում էր պատերազմի, մեր բոլոր հերոսների մասին։ Մանկուց իր ներսում կար այդ հայրենասիրությունը»։
Տիգրանը վերադառնում է 44-օրյա պատերազմից։ Դրանից հետո՝ 2022 թվականի մարտի 24-ին, սկսվել էր Քարագլխի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան։ Տիգրանն այդ անգամ էլ կամավորագրվել և մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և իրականացրել մարտական հերթապահություն։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։ 2022 թվականի հունիսին ծառայության է անցել Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ ստանալով լեյտենանտի կոչում։ «Որպես մայր՝ ես դեմ էի իր այդ որոշմանը։ Բայց Տիգրանս ասաց. «Մամա՛, ես սիրում եմ այդ համազգեստը և ուզում եմ ծառայել։ Ուրիշ որևէ տեղ ինձ չեմ տեսնում»։ Ապահովված ընտանիք էինք, նա որևէ բանի կարիք չուներ, նրան գրավում էր այդ համազգեստը։ Իրեն տեսնում էր որպես սպա»։ Տիգրանը մասնակցել է նաև Ջերմուկի մարտերին՝ կամավորության սկզբունքով։ Այդ ժամանակ արժանացել է պատվոգրի։ «Երբ տուն եկավ, ասաց՝ մա՛մ, կարող ես հպարտ լինել, որ այսպիսի տղա ունես»։
2023 թվականի հուլիսի 8-ին Տիգրանն ընտանիք է կազմում։ Իսկ սեպտեմբերի 19-ին սկսվում են Արցախյան վերջին մարտերը։ Սեպտեմբերի 19-ին Տիգրանը հսկում էր Մարտակերտի ամենավտանգավոր բարձունքներից մեկը։ Տիկին Ռուզաննան ասում է՝ 1990-ական թվականներին ևս դա ամենավտանգավոր տեղերից մեկն էր։ «Այդ օրը ես չկարողացա իր հետ կապվել, բայց առավոտյան հայրիկի հետ խոսել է, ասել՝ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Բայց կարծում եմ՝ Մարտակերտում արդեն անհանգիստ դրություն էր։ Կարծում եմ, որ նա, զգալով, թե իրականում ինչ է կատարվում, չկարողացավ ինձ հետ զրուցել։ Քույրիկի հետ է խոսել. «Էլինա՛, լավ մնացեք, ձեզ լավ նայեք»։ Հիմա հասկանում եմ, որ նա ուղղակի չկարողացավ ինձ հետ խոսել։ Գիտեր, որ պատերազմ է լինելու, և ինքը, հնարավոր է, չվերադառնա»։
Մայրիկն ասում է՝ այժմ պատրաստ չէ իմանալ, թե ինչպես է իր որդին անմահացել։ «Նրա մասին շատ են պատմում, ասում՝ հերոսաբար է զոհվել, բայց չեմ ուզում այդ մասին իմանալ»։
Ապրելու ուժի մասին։ Զավակ և հայրենիք կորցրած տիկին Ռուզաննային այս հարցն եմ ուղղում՝ ի՞նչն ուժ տվեց ապրելու։ «Աղջիկ ունեմ, հանուն նրա պետք է ապրեմ։ Եվ, իհարկե, հանուն Տիգրանի եմ ապրում։ Համարում եմ՝ որքան մենք՝ ծնողներս, ապրենք, մեր տղաներն էլ կապրեն։ Գնում եմ Եռաբլուր, նրան միշտ թարմ ծաղիկներ եմ տանում, ուզում եմ, որ երեխայիս մոտ միշտ մաքուր լինի։ Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում։ Երբեմն ասում են՝ իմաստ չկա ապրելու, բայց գիտեմ՝ իմաստ կա։ Տիգրանս է ինձ ուժ տալիս ապրելու։
Հ. Գ.- Լեյտենանտ Տիգրան Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում








































