Սկսել եմ կասկածել, որ էս քաղպայմանագրային «վերնախավը» միայն մարիխուանա է ծխում և միայն՝ «լավ առիթներով», ինչպես Ալենն է հրապարակավ խոստովանել: Հակված եմ մտածելու, որ ավելի հաճախ «խելառ խոտ» են ծխում և՝ ոչ միայն լավ առիթներով: Ճիշտ է, էս խոտը հիմնականում խոշոր և մանր եղջերավոր անասուններին է խելռթփացնում, եթե արածելիս մի կարճ պահ կորցրած են լինում կենդանական բնազդը, բայց մանր ու խոշոր իշխանավորներն էլ ապահովագրված չեն դրա խելռցնող ներգործությունից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նախընտրական կերկոխի շրջանում ինչ ընկնում է ձեռքները՝ բերաններն են տանում կամ քաշում քթները:

Կոնկրետ էս դեպքում այնքան էլ էական չէ, թե ինչ ճանապարհով է «խելառ խոտը» հայտնվել Ալենի օրգանիզմում՝ քթո՞վ, թե՞ բերանով, էականը դրա բացահայտ ներգործությունն է: Այլ կերպ չես բացատրի պառլամենտական կոչվող երկրի պրեմիերսպիկերի այն հայտարարությունը, թե հայաստանյան ընդդիմադիրներն են խրախուսում, հրահրում ու կոչ անում Ռուսաստանին պատժամիջոցներ կիրառել մեր երկրի դեմ: Էս հայտարարությանը լուրջ վերաբերվելու համար առնվազն «խելառ խոտի» մի փունջ ինքդ ծամած պիտի լինես, մի-մի փունջ ծամած լինելու մեջ էլ կասկածես հայ ընդդիմադիրներին ու բարձրաստիճան ռուս պաշտոնյաներին: Բայց, քանի որ վերջիններս «խոտերի» նկատմամբ թուլություն ունենալու հրապարակային հայտարարություններով երբևէ հանդես չեն եկել, ի տարբերություն Ալենի, մնում է ընդամենը մի բարի խորհուրդ տալ նրան. ամեն պատահած խոտ բերանդ մի տար, եղջերու կդառնաս:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ