Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ պարզաբանում
Երեկվանից սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն առ այն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնում ենք, որ ներկա պահին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել համապետական ընտրություններին։
Տարածվող գրառումներում, տեսանյութերում իրականության չհամապատասխանող էական փաստերից է նաև Վարչական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած երեք դատական ակտերի վկայակոչումը։ Վարչական դատարանի կողմից, որն իրավասու է նման հարցեր քննել, այդպիսի վճիռներ չկան։
Տեղեկացնում ենք, որ վճիռները կայացվել են Քաղաքացիական դատարանի կողմից:
Ներքին գործերի նախարարության կողմից դրանք բողոքարկվել են Վերաքննիչ դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։ Արդյունքում, դրանք ՆԳՆ-ի կողմից բողոքարկվել են ընդդատության կանոնների և դատավարական այլ նորմերի խախտման հիմքով։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտին։
Հորդորում ենք հանրության շրջանում մոլորեցնող տեղեկություններ չներկայացնել, մեր հայրենակիցներին չներգրավել ոչ իրավաչափ և անօգտակար գործընթացներում։








































