Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել
Ինչու՞ էինք իշխանության գալու օրվանից զգուշացնում Նիկոլ Փաշինյանին` այս մի արա, այն մի արա, դու արդեն մի փոքրիկ թերթի խմբագիր չես, ոչ էլ ընդդիմադիր պատգամավոր, այլ երկրի ղեկավար ես, որի բոլոր քայլերը հետևանքներ են ունենալու:
Կգոռաս-կճվաս- կհայհոյես` գոռալ-ճվալ-հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև: Մարդիկ կմոռանան նորմալ, քաղաքակիրթ լեզվով միմյանց հետ խոսելը:
Տգետ, անփորձ մարդկանց պաշտոնների կնշանակես, կարևոր պետական համակարգերը կոլապսի կենթարկվեն, ապարատը կսկսի կամաց քայքայվել:
Բանակցություններից կհրաժարվես, քո զրոյական կետից կսկսես հարաբերություններ կառուցելը, ամբարտավան ու սադրիչ ելույթներ կունենաս, ռազմական էսկալացիա կբերես երկիր` պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ:
Ռազմավարական դաշնակիցներիդ կվիրավորես, քամահրանքով կխոսես գերտերությունների ղեկավարների հասցեին, նրանց թշնամիների հետ սիրախաղերի մեջ կմտնես` դաշնակիցներդ թշնամիներիդ ճամբարը կհամալրեն:
Ատելության խոսք կասես, կպառակտես ու կթշնամացնես հանրությանը, անմեղ մարդկանց բերդերը կլցնես, հանրությունը քեզ նույն ատելությամբ ու մերժումով կպատասխանի:
Սփյուռքի հետ չես համագործակցի, ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը կփակես երկիր, այդ հզոր ռեսուրսից` սփյուռքի աջակցությունից կզրկվես:
Տնտեսական գործընկերոջդ կդավաճանես, նրա նեղ պահին կողքին չես լինի, երկիրդ կզրկվի շուկայից, հայ տնտեսվարողներն` իրենց եկամտից, ՀՀ բյուջեն` հարկերից:
Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել` ավերելով, պարզապես տրակտորով անցնելով մեր երկրի բոլոր ձեռքբերումների, միջպետական ու ներպետական փոխհարաբերությունների, համակեցության կանոնների վրայով:
Ձեր կարծիքով` պատահակա՞ն է, որ այսօր Մասիսում նիկոլական թափթփուկները հարձակվել են ընդդիմադիր ուժի կանանց վրա ու ծեծի ենթարկել: Պատահակա՞ն է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ միայն ծղրտոցներ ու վիրավորանքներ են հնչում: Պատահակա՞ն է, որ ոմանք օտար մարդկանց հասցեին վերջին լուտանքներն են գրում, հազար տարվա ընկերները գժտվում: Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է, այդ մթնոլորտը մեկ մարդ է ձևավորել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է...








































