44-օրյա պատերազմում զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս օրվան այնքան էի սպասել։ Անհամբեր սպասում էի, որ առավոտը դեռ չլուսացած վազեմ մոտդ, կանգնեմ քո առաջ ու այսքան տարիներից հետո առաջին անգամ մի փոքր թեթևացած շունչ քաշեմ։ Բայց ավա՜ղ, տղես, նորից զրկեցին ինձ այդ երջանկությունից։

Այսօր այս վեց տարվա մեջ առաջին անգամ ժպիտ պիտի լիներ դեմքիս։ Ուրախ վազելով պիտի գայի մոտդ, այսքան տարի հետո պիտի ուղիղ նայեի աչքերիդ ու գլուխս ամոթից չկախեի։ Բայց այդ օրը չբացվեց, տղես։ Նորից խլեցին այդ սպասված երջանկությունը։

Այսօր ամբողջ օրս լացով անցավ։ Նույն ապրումներն էին, երբ զանգեցին ու ասացին՝ ԴՆԹ-ն համընկել է։ Նույն ցավն էր, նույն խեղդող անզորությունը, ինչ զգացել ու ապրել եմ նոյեմբերի 9-ին։

Ոնց գամ մոտդ, տղես... Գամ ի՞նչ ասեմ քեզ։ Որ դու չկաս, իսկ ես դեռ ապրո՞ւմ եմ։ Որ քեզ գիտակցաբար տարան զոհաբերության, որ քո մասունքներն անարգվեցին, որ քո փառքի անկյունն էլ իջեցրին։ Որ քո արյամբ պահված, քո կյանքի գնով պաշտպանված Արցախը հանձնեցին։ Որ քեզ սպանողների հետ այսօր առևտուր են անում, նրանց հյուրասիրում են, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել՝ միայն անզորությունից ու անճարությունից ներսից մեռնում եմ ամեն օր։

Տղես, արդեն վախենում եմ։ Վախենում եմ, որ երբ հանդիպենք, խոստումս կատարած չլինեմ։ Որ քեզ կյանքից զրկողներին պատասխանատվության ենթարկած չլինեմ։ Վախենում եմ, որ աչքերիդ նայելու ուժ չունենամ։

Ախր ուզում եմ այդ դատաստանը տեսնել, ուզում եմ արդարությունը հաղթած տեսնել, որ գոնե մի փոքր կարողանամ արդարացնել քեզնից հետո ապրածս յուրաքանչյուր օրը։

Ներիր, տղես, ապրածս ամեն վայրկյանի համար։ Ներիր անզորությանս համար, որ ոչինչ չեմ կարողանում փոխել։ Ներիր, որ երբեմն ամաչում եմ մոտդ գալ։

Ամաչում եմ, որովհետև դեռ չի հաղթել արդարությունը։ Ամաչում եմ, որովհետև դեռ պատասխան չեն տվել նրանք, ովքեր ձեզանից խլեցին կյանքը։ Բայց հավատա, տղես, ձեզ չեն մոռացել։ Ձեր հիշատակը մեր սրտերում է, իսկ ձեր հանդեպ պարտքը՝ մեր խղճի մեջ։

Չկորցնենք հայ լինելու պատիվը, որովհետև դուք ձեր կյանքով պահեցիք այն, իսկ մենք պարտավոր ենք արժանի լինել ձեր հիշատակին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ