Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը…

Տարածաշրջանային որոշակի «առաջխաղացումներից» հետո Թուրքիան փորձում է ոտնձգություններ իրականացնել արդեն ՌԴ-ի նկատմամբ՝ կասկածի տակ դնելով Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։

Մոտ օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կանցկացվի «Ղրիմյան պլատֆորմը», ուր ըստ ամենայնի կքննարկվի Ղրիմին առընչվող հարցեր։

Թուրքական կողմը հայտարարել է պլատֆորմին մասնակցելու իր ցանկության մասին (արտգործնախարարի մակարդակով), ինչին ի պատասխան Մարիա Զախարովան հայտարարեց, որ ռուսական կողմն ուշադիր հետևելու է հակառուսական այդ պլատֆորմին մասնակից երկրների ցանկին՝ համապատասխան հետևություններ անելով։

Ուկրաինայի նախագահ Զելինսկու հետ հեռախոսազրույցում Էրդողանը Ղրիմն անվանել է օկուպացված (ռուսների կողմից) և հույս հայտնել, որ այն կվերադարձվի ուկրաինական կողմին։

Էրդողանը հավանաբար մոռացել է, որ իր թողտվությամբ «կրտսեր եղբայրը»՝ Ալիևը, ամիսներ առաջ է օկուպացրել Արցախը՝ գրավելով նաև նախկին ԼՂԻՄ (հայկական) տարածքներ Շուշին և Հադրութը։

Թուրքական կողմի նմանատիպ «ազատ» գործելաոճի թիվ մեկ մեղավորը հենց ՌԴ-ն է, քանզի վերջինս՝ հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո, անուղղակիորեն քարտ-բլանշ տվեց թուրքերին տարածաշրջանում առավել անկաշկանդ գործելու համար։

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում և հատկապես թալիբների՝ Աֆղանստանում իշխանությունը «վերցնելուց» հետո ռուսական կողմը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը՝ «soft power»-ից անցնելով «hard power»-ի կիրառմանը, որպեսզի չկորցնի տարածաշրջանային թիվ 1 խաղացողի կարգավիճակը։

Էրդողանյան Թուրքիան ձեռնոց է նետում ՌԴ-ին՝ փորձելով ընդգծել տարածաշրջանում իր դերը։
Այս ամենին ֆոնին Էրդողանի շանսերը գնալով նվազում են սպասվելիք նախագահական ընտրություններում, և վերջինիս պարտության դեպքում թուրքական կողմը հնարավոր է որոշակիորեն փոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով Էրդողանի զավթողական նկրտումներից։

Ադրբեջանն էլ կարծես ջղաձգվում է ՄԻՆՍԿ-ի խմբի վերջին հայտարարություններից, քանզի ի հեճուկս Ալիևը, համանախագահ երկրները պնդում են, որ Արցախի հարցը դեռևս չի լուծվել…

Հ.Գ. Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ լարված հարաբերությունների ֆոնին հայկական կողմն անպայման պետք է խորացնի հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ՝ փորձելով շահել ռուս-թուրքական սպասվող սրացումներից։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն