«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն
AntiCor փորձագիտական հետազոտություն էանցկացրել՝ « ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրություններ․ խախտումների հակակոռուպցիոն վերլուծություն», որում նշված է.
AntiCor-ի փորձագիտական դիտարկման հիմնական եզրակացությունն այն է, որ ընտրական խախտումները չպետք է դիտարկել միայն տեխնիկական կամ ընթացակարգային հարթության մեջ։ Դրանք ուղիղ առնչություն ունեն կոռուպցիայի հետ, քանի որ ընտրական գործընթացում իշխանության, պետական ռեսուրսի, իրավապահ համակարգի, հանրային ծառայողների, ֆինանսական հոսքերի կամ տեղեկատվական ազդեցության չարաշահումը ըստ էության ձևավորում է քաղաքական կոռուպցիայի միջավայր։ Այդ միջավայրում ընտրողի ազատ կամքը կարող է փոխարինվել կախվածությամբ, վախով, պարտադրանքով, վարչական ճնշմամբ կամ նյութական շահագրգռմամբ։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա, սակայն ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումները, անվավեր ճանաչված տեղամասերը, դիտորդական արձանագրումները և հետընտրական իրավական գործընթացները ցույց են տալիս, որ հանրային վստահության խնդիրը մնում է չլուծված։
1. Վարչական ռեսուրսի չարաշահում
Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված ամենահիմնական պնդումներից մեկը եղել է վարչական ռեսուրսի օգտագործումը իշխող ուժի օգտին։ Խոսքը միայն պետական պաշտոնյաների քարոզչական ակտիվության մասին չէ։ Ավելի խորքային խնդիրն այն է, երբ պետական համակարգը՝ համայնքային կառույցները, դպրոցները, պետական հիմնարկները, հանրային ծառայողները կամ իշխանության հետ փոխկապակցված կառույցները, փաստացի ներքաշվում են իշխող ուժի ընտրական արդյունքի ապահովման գործընթացի մեջ։
Կոռուպցիոն տեսանկյունից սա նշանակում է հանրային ռեսուրսի մասնավորեցում կուսակցական նպատակների համար։ Պետությունը, որը պետք է ապահովի հավասար մրցակցություն, վերածվում է իշխանության վերարտադրության գործիքի։ Այդ դեպքում ընտրությունը կորցնում է իր ազատ և հավասար բնույթը, իսկ հանրային պաշտոնը սկսում է ծառայել ոչ թե հանրային շահին, այլ կուսակցական շահին։
Միջազգային դիտորդների նախնական գնահատականում ևս արձանագրվել է անհավասար քարոզարշավի, ճնշումների և լարված քաղաքական միջավայրի խնդիրը, թեև միաժամանակ նշվել է, որ ընտրողներին առաջարկվել է իրական քաղաքական ընտրություն։
2. Իրավապահ համակարգի կիրառումը քաղաքական մրցակցության մեջ
Ընդդիմության ներկայացրած պնդումների մեջ առանձնահատուկ տեղ ունի քրեական հետապնդումների և ձերբակալությունների հարցը։ Ընտրություններից առաջ հաղորդվել է ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների ձերբակալությունների մասին։ Reuters-ը գրել է, որ ընտրություններից մեկ օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժի վեց թեկնածուներ, իսկ ընդդիմությունը այդ գործընթացները որակել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
AntiCor-ի գնահատմամբ՝ իրավապահ համակարգի նման ներգրավվածությունը ընտրական գործընթացում ամենաբարձր կոռուպցիոն ռիսկերից է։ Եթե քրեական վարույթները հիմնված են իրական հանցագործությունների վրա, ապա դրանք պետք է քննվեն ամբողջական, թափանցիկ և քաղաքականապես չեզոք եղանակով։ Սակայն եթե իրավապահ համակարգի գործողությունները համընկնում են ընտրական օրացույցի վճռորոշ փուլերի հետ և ուղղված են հիմնականում ընդդիմադիր ակտիվ շրջանակների դեմ, հանրության մոտ ձևավորվում է քաղաքական վերահսկողության և ընտրական մրցակցության սահմանափակման հիմնավոր կասկած։
Այս ռիսկը վտանգավոր է երկու պատճառով։ Նախ՝ այն կարող է ազդել ընդդիմադիր ուժերի կազմակերպչական կարողությունների վրա։ Երկրորդ՝ այն կարող է ազդել ընտրողի հոգեբանական ազատության վրա՝ ձևավորելով վախի մթնոլորտ։ Իսկ վախի պայմաններում տրված քվեն արդեն լիարժեք ազատ կամարտահայտություն չէ։
3. Ընտրակաշառք և նյութական կախվածության ձևավորում
Ընտրակաշառքի կամ ընտրողին նյութական շահագրգռմամբ ուղղորդելու ցանկացած դեպք ոչ միայն ընտրական խախտում է, այլև դասական քաղաքական կոռուպցիա։ Այս դեպքում ձայնը դառնում է ոչ թե քաղաքացիական կամքի արտահայտություն, այլ առևտրի առարկա։
2026 թվականի ընտրությունների ընթացքում հանրային դաշտում շրջանառվել են ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ։ Հակակոռուպցիոն մարմինների կողմից ընտրակաշառքի մի շարք դեպքեր են բացահայտվել, փետրվար-հունիս ամիսներին տասնյակ վարույթներ են նախաձեռնվել ընտրական բնույթի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։
AntiCor-ի համար այս ուղղությունը սկզբունքային է, որովհետև ընտրակաշառքը միայն անհատական հանցագործություն չէ։ Այն ցույց է տալիս սոցիալական խոցելիության, քաղաքական ցինիզմի և պետական վերահսկողության ձախողման խորը կապը։ Երբ ընտրողը կարող է գնել կամ վաճառել քվեն, նշանակում է՝ ընտրական համակարգում ձևավորվել է վստահության ճգնաժամ, իսկ քաղաքական ուժերը հասարակության հետ խոսում են ոչ թե ծրագրերով, այլ նյութական կախվածության լեզվով։
4. Քարոզարշավի անհավասար պայմաններ և ատելության խոսք
Նախընտրական շրջանում արձանագրված խնդիրներից է նաև քաղաքական դիսկուրսի կոշտացումը, փոխադարձ մեղադրանքները, ատելության խոսքի տարրերը և քարոզչական դաշտի անհավասարությունը։ Ընդդիմադիր ուժերը պնդել են, որ քարոզարշավը ընթացել է ոչ հավասար պայմաններում, իսկ իշխող ուժը ունեցել է պետական, մեդիա և վարչական առավելություն։
Կոռուպցիոն առումով սա վերաբերում է ոչ միայն խոսքի էթիկային, այլև հանրային տեղեկատվական ռեսուրսի չարաշահմանը։ Երբ իշխանական դիրքերից քաղաքական մրցակիցները ներկայացվում են որպես թշնամի, վտանգ կամ քրեական տարր, դա կարող է փոխարինել փաստարկային մրցակցությունը վախի և պիտակավորման քաղաքականությամբ։
AntiCor-ի գնահատմամբ՝ ատելության խոսքը ընտրական կոռուպցիայի անուղղակի ձևերից է, երբ ընտրողի գիտակցված ընտրության փոխարեն ձևավորվում է հոգեբանական ճնշման միջավայր։
5. Ընտրողների նույնականացման և տեխնիկական գործընթացների խնդիրներ
Ընտրական գործընթացի կարևորագույն ուղղություններից է ընտրողի նույնականացումը։ Ընդդիմադիր ուժերի պնդումներով՝ եղել են դեպքեր, երբ ընտրողների տվյալները մուտքագրվել են ոչ թե լիարժեք ավտոմատ ստուգման, այլ օպերատորի միջամտությամբ։ Այս պնդումները պահանջում են առանձին տեխնիկական աուդիտ, քանի որ խոսքը կարող է վերաբերել ոչ թե մեկ տեղամասային խախտման, այլ ընտրական համակարգի վստահելիությանը։
Կոռուպցիոն ռիսկը այստեղ այն է, որ տեխնիկական անթափանցությունը կարող է դառնալ ընտրական արդյունքի վրա ազդելու գործիք։ Եթե ընտրողի նույնականացման գործընթացը լիարժեք վերահսկելի, ստուգելի և հետագայում աուդիտի ենթակա չէ, ապա հանրությունը չի կարող վստահ լինել, որ քվեարկության մասնակիցների թիվը և իրական քվեարկած անձանց շրջանակը լիովին համընկնում են։
Այսպիսի ռիսկերը հատկապես վտանգավոր են այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքը որոշվում է փոքր տարբերություններով կամ երբ առանձին տեղամասերի անվավեր ճանաչումը կարող է ազդել որևէ ուժի խորհրդարան անցնելու հնարավորության վրա։
6. Զինծառայողների քվեարկության շուրջ ռիսկեր
Առանձին զգայուն ուղղություն է զինծառայողների քվեարկությունը։ Զինծառայողները գտնվում են ծառայողական ենթակայության, կարգապահական և հրամանատարական հարաբերությունների մեջ, ինչի պատճառով նրանց ազատ կամարտահայտությունը պահանջում է հատուկ երաշխիքներ։
Ընդդիմադիր շրջանակները բարձրաձայնել են զինծառայողների քվեարկության կազմակերպման և վերահսկելիության վերաբերյալ կասկածներ։ AntiCor-ի գնահատմամբ՝ զինծառայողների քվեարկությունը պետք է դիտարկվի ոչ թե սովորական վարչական ընթացակարգի, այլ բարձր ռիսկային ընտրական գործընթացի տեսանկյունից։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ զինծառայողը չզգա հրամանատարական, ծառայողական կամ հոգեբանական ճնշում։
Եթե բանակային կամ ուժային համակարգի քվեարկությունը դառնում է իշխանության համար կանխատեսելի կամ վերահսկելի ձայների աղբյուր, ապա դա արդեն քաղաքական կոռուպցիայի դրսևորում է՝ պետական ենթակայությունը վերածվում է ընտրական արդյունքի կառավարման մեխանիզմի։
7. Քվեարկության օրվա խախտումներ
Քվեարկության օրը դիտորդական և լրատվական աղբյուրներով արձանագրվել են մի շարք բնույթի խախտումներ՝ քվեարկության գաղտնիության խախտումներ, բաց քվեարկության դեպքեր, կողմնակի անձանց ներկայություն, ընտրատեղամասերի հարակից տարածքներում մարդկանց և մեքենաների կուտակումներ, ընտրողին օգնելու կարգի խնդիրներ, տեխնիկական սարքերի խափանումներ։
Այս խախտումներից յուրաքանչյուրը կարող է առանձին վերցրած թվալ տեխնիկական կամ մասնակի։ Սակայն դրանց համակարգային համադրությունը ցույց է տալիս ընտրողի ազատության նկատմամբ միջամտության ռիսկ։ Երբ ընտրողը վստահ չէ, որ իր քվեն գաղտնի է, կամ երբ տեղամասի շուրջ ձևավորվում է վերահսկողության մթնոլորտ, նրա կամարտահայտությունը կարող է դառնալ ոչ ազատ։
Կոռուպցիոն առումով սա նշանակում է, որ ընտրության օրը կարող է գործել ոչ պաշտոնական վերահսկողության համակարգ՝ տեղամասային միջնորդներ, վերահսկող խմբեր, ուղղորդողներ կամ «ներկա գտնվող» ազդեցիկ անձինք։ Այդ համակարգը կարող է կապել ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը և ընտրողի վրա հոգեբանական ճնշումը մեկ շղթայի մեջ։
8. Տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
Հետընտրական փուլում ամենախնդրահարույց հարցերից մեկը դարձավ մի քանի ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 10/51 և 35/65 տեղամասերի արդյունքները՝ մասնակիցների թիվը համապատասխանաբար 1287 և 1315 արձանագրելով որպես անճշտությունների չափ, իսկ մյուս արդյունքները զրոյացվել են։
Ավելի ուշ հրապարակվեց նաև, որ մեկ այլ՝ 12/13 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել այն պատճառով, որ քվեարկության օրը բացակայել է ԱԺԲ-ի թիվ 8 քվեաթերթիկը։
Այս հանգամանքները լուրջ հակակոռուպցիոն նշանակություն ունեն։ Եթե տեղամասի արդյունքը անվավեր է ճանաչվում, ապա պետք է պարզ լինի՝ ինչու է խախտումը առաջացել, ով է պատասխանատու, արդյոք այն պատահական անփութություն է, թե կազմակերպված միջամտության հետևանք։ Ընտրական վարչարարության անպատասխանատվությունը նույնպես կոռուպցիոն ռիսկ է, քանի որ այն կարող է ընտրողի ձայնը դարձնել զրոյացման ենթակա։
9. Վերաքվեարկություն չնշանակելու հարցը
ԲՀԿ-ն և ընդդիմադիր այլ շրջանակներ վիճարկել են այն մոտեցումը, որ տեղամասերի արդյունքները կարելի է անվավեր ճանաչել, բայց վերաքվեարկություն չնշանակել։ Ըստ հրապարակումների՝ ԿԸՀ-ն վերջնական արդյունքում վերաքվեարկություն չի նշանակել այն երեք տեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր էին ճանաչվել։
Այս հարցի կոռուպցիոն նշանակությունն այն է, որ ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով։ Եթե խախտումը այնքան էական է, որ ամբողջ տեղամասի արդյունքը զրոյացվում է, ապա պետք է լինի հստակ պատասխան՝ ինչու ընտրողներին չի տրվում կրկին քվեարկելու հնարավորություն։ Հակառակ դեպքում առաջանում է ընտրական իրավունքի փաստացի չեղարկման խնդիր։
Այսպիսի որոշումները կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն տվյալ տեղամասի, այլև ամբողջ ընտրական պատկերի վրա, հատկապես երբ խոսքը վերաբերում է շեմը հաղթահարող կամ չհաղթահարող ուժերի վերջնական արդյունքին։
10. Խախտումների ազդեցությունը մանդատների բաշխման վրա
Հետընտրական փուլում առանձնապես կարևոր դարձավ այն հարցը, թե արդյոք անվավեր ճանաչված տեղամասերի ձայները ազդել են մանդատների բաշխման վրա։ ԿԸՀ-ն հաստատել է իշխող ուժի հաղթանակը, իսկ ԱԺ-ում մանդատների բաշխումը կազմել է՝ 64 մանդատ ՔՊ-ին, 29՝ «Ուժեղ Հայաստան»-ին, 12՝ «Հայաստան» դաշինքին։
Սակայն ընդդիմադիր ուժերի համար խնդիրը միայն մանդատների վերջնական թվաբանական բաշխումը չէ։ Խնդիրն այն է, որ եթե առանձին տեղամասերի արդյունքների չեղարկումը կարող է որևէ ուժի զրկել խորհրդարան մտնելու հնարավորությունից կամ փոխել քաղաքական ներկայացվածության հարաբերակցությունը, ապա այդ գործընթացը պետք է լինի առավելագույնս բաց, հիմնավորված և իրավականորեն անխոցելի։
AntiCor-ի գնահատմամբ՝ մանդատների բաշխման վրա ազդող յուրաքանչյուր անճշտություն պետք է դիտարկվի որպես բարձր կոռուպցիոն ռիսկ, որովհետև դրա հետևանքով կարող է փոխվել ոչ միայն թվաբանական արդյունքը, այլև հանրային կամքի քաղաքական ներկայացվածությունը։
11. Արտաքին ազդեցության և ներքին կոռուպցիոն միջավայրի կապը
Միջազգային դիտորդները արձանագրել են նաև արտաքին ճնշումների և ազդեցության փորձերի մասին՝ ներառյալ առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների միջոցով ընտրողների վրա ազդեցության փորձերը։
Թեև արտաքին ազդեցությունը առաջին հայացքից կարող է դիտվել որպես անվտանգային կամ աշխարհաքաղաքական հարց, այն ունի նաև հակակոռուպցիոն նշանակություն։ Արտաքին ազդեցությունը արդյունավետ է դառնում այն երկրներում, որտեղ ներսում կան թույլ ինստիտուտներ, քաղաքական կախվածություններ, անթափանց ֆինանսավորում և խոցելի ընտրական համակարգ։
Այլ կերպ ասած՝ արտաքին միջամտությունը և ներքին կոռուպցիան հաճախ սնուցում են միմյանց։ Եթե քաղաքական դաշտը ֆինանսապես անթափանց է, եթե կուսակցությունները կախված են ոչ հրապարակային աղբյուրներից, եթե մեդիա դաշտը գործում է քաղաքական պատվերներով, ապա արտաքին ուժերի համար ընտրական գործընթացի վրա ազդելը դառնում է ավելի հեշտ։
12. Ընտրական վարչարարության թափանցիկության խնդիր
ԿԸՀ-ի և ընտրական հանձնաժողովների որոշումները պետք է ոչ միայն իրավականորեն ճիշտ լինեն, այլև հանրության համար հասկանալի և վստահություն ներշնչող։ Ընտրությունների նկատմամբ վստահությունը չի ձևավորվում միայն վերջնական արձանագրություն հրապարակելով։ Այն ձևավորվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր բողոք, յուրաքանչյուր վիճարկվող տեղամաս, յուրաքանչյուր տեխնիկական անճշտություն և յուրաքանչյուր անվավեր ճանաչված արդյունք ստանում է հստակ, փաստարկված և հանրային բացատրություն։
AntiCor-ի գնահատմամբ՝ ընտրական վարչարարության թափանցիկության պակասը ինքնին կոռուպցիոն ռիսկ է։ Այն ստեղծում է տպավորություն, որ որոշումները կարող են կայացվել ոչ թե ընտրողի իրավունքի պաշտպանության, այլ քաղաքական հետևանքների հաշվարկման հիման վրա։
Եզրակացություն
ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ AntiCor-ի փորձագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված և ընդդիմության կողմից ներկայացված խախտումները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված դրվագների, այլ համակարգային ռիսկերի համատեքստում։
Խախտումների հիմնական ուղղություններն են՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, իրավապահ համակարգի հնարավոր քաղաքական կիրառումը, ընտրակաշառքի ռիսկերը, քարոզչական անհավասարությունը, ընտրողների նույնականացման խնդիրները, զինծառայողների քվեարկության խոցելիությունը, քվեարկության օրվա ընթացակարգային խախտումները, տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, վերաքվեարկություն չնշանակելու վիճահարույց որոշումները և մանդատների բաշխման վրա դրանց հնարավոր ազդեցությունը։
AntiCor-ի գնահատմամբ՝ այս ամենը ձևավորում է քաղաքական կոռուպցիայի լայն դաշտ, որտեղ հանրային իշխանության ձևավորման գործընթացը կարող է ենթարկվել ոչ թե ազատ մրցակցության, այլ վարչական, իրավապահ, ֆինանսական, տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունների համակցված ներգործությանը։
Ընտրական կոռուպցիան վտանգավոր է նրանով, որ այն չի սահմանափակվում ընտրության օրով։ Այն հետագայում վերածվում է կոռուպցիոն կառավարման, քանի որ իշխանությունը, որը ձևավորվել է կասկածելի կամ անհավասար պայմաններում, բնականաբար ավելի քիչ հաշվետու է հանրության առաջ և ավելի շատ հակված է պահպանելու նույն մեխանիզմները, որոնց միջոցով վերարտադրվել է։
AntiCor-ը արձանագրում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ է իրականացնել անկախ, ամբողջական և հրապարակային ընտրական աուդիտ՝ ներառյալ ընտրողների նույնականացման համակարգը, անվավեր ճանաչված տեղամասերը, զինծառայողների քվեարկությունը, ընտրակաշառքի վերաբերյալ վարույթները, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը և ԿԸՀ որոշումների հիմնավորումները։ Առանց այդպիսի աուդիտի ընտրությունների իրավական ավարտը չի կարող համարվել հանրային վստահության վերականգնում։






































