ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ. մանդատները վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիմնահարցերը
Հունիսի 7-ի ընտրությունները վերջ դրեցին ներկայիս վարչախմբի նաև «ընտրական լեգիտիմությանը»:
Սա լեգիտիմության այն վերջին, իրավական տեսանկյունից՝ պատրանքային, բայց քաղաքական առումով՝ համեմատաբար կայուն կռվանն էր, որը դեռևս մեր ժողովրդի մոտ և այլուր տպավորություն էր ստեղծում, որ մենք գործ ունենք ժողովրդի մեծամասնության կարծիքն արտահայտող իշխանության հետ:
Իրավական տեսանկյունից սահմանադրական կարգի բազմաթիվ և կոպտագույն խախտումները՝ ամենաուշը սկսած 2020 թվականի, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունից, վաղուց էին զրոյացրել այս իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև այն մարմինների լեգիտիմությունը, որոնք կազմավորվել են դրանից հետո՝ խաթարված և նենգափոխված սահմանադրական կարգի պայմաններում:
Իմ խորին համոզմամբ՝ ընդդիմադիր առաջատար ուժերը չպետք է սահմանափակվեն սոսկ ընտրությունների լեգիտիմության գնահատմամբ, այլ պետք է խորքային իրավական և քաղաքական միասնական գնահատական տան նախորդ ութ տարիներին, հատկապես՝ սահմանադրական կարգի հիմքերի նկատմամբ ոտնձգություններին։
Հունիսի 7-ի ընտրությունները, եթե նույնիսկ անցնեին ավելի նվազ խախտումներով, սահմանադրական կարգի դեմ նշածս ոտնձգությունների պայմաններում երբևէ չէին կարող լեգիտիմացնել գործող իշխանությանը։ Դրանք, սակայն, ապացուցեցին, որ հակասահմանադրական ռեժիմն ունակ չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ, որոնցում ինքը կարող է պարտվել կամ կորցնել որակյալ մեծամասնությունն Ազգային ժողովում:
Ընտրությունները զուգորդվեցին ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և եվրահամայնքի, ինչպես նաև թյուրքական պետությունների ակնհայտ, կոպիտ և ցինիկ, բեմականացված և նախընտրական քարոզարշավի համար հարմարեցված միջամտություններով մեր ներքին ինքնորոշման իրավունքին, որոնք ինքնին նպատակադրված էին ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ անգամ առանց համակարգված և զանգվածային ընտրակեղծիքների:
Այլ պետությունների և միջազգային կազմավորումների՝ նման ծավալի ներգրավվածությունը վկայում է Հայաստանը գաղութացնելու մտադրության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության փաստացի մակարդակն էապես նվազում է կամ զրոյացվում:
Այդ միջամտությունը, որը հանրահայտ փաստ է, կատարվել է բացառապես ընտրություններում մրցակցող ուժերից մեկի օգտին՝ նպատակ հետապնդելով խաթարել ընտրություններում հակադիր քաղաքական ուժերի մրցակցային հնարավորությունները: Իսկ թե ո՞ր չափով է դա տեղի ունեցել, այսինքն, որքա՞ն ընտրողների վրա է դա ազդել, հնարավոր չէ որոշել, ինչն ինքնին արդեն այս ընտրություններն ապալեգիտիմացնող գործոններից մեկն է:
Այդքան ջանքերի համատեղումը, սակայն, այսքան համեստ արդյունքի պայմաններում վկայում է այն մասին, որ արտաքին կենտրոններին հետաքրքրում է միայն իրենց սեփական ծրագրերի իրականացումը՝ ամեն գնով, անգամ ոչ լեգիտիմ իշխանությունների միջոցով, և լեգիտիմության առանց այդ էլ կեղծ շղարշն այլևս իրենց չի էլ հետաքրքրում, կարևորն այդ ծրագրերի կատարման արդյունավետությունն է:
Ինչ վերաբերում է բուն ընտրությունների գործընթացին, ապա կարելի է փաստել, որ տեղեկատվական ահաբեկման, քրեական հետապնդման գործիքակազմի բացահայտ չարաշահման, վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, ընտրական գործընթացների նկատմամբ ընդդիմադիր ուժերի վերահսկողական գործառույթների խաթարման, ատելության խոսքի և հարկադրանք կիրառելու սպառնալիքների ներքո ընդդիմադիր կուսակցություններում և դաշինքներում ներգրավված պատգամավորների թեկնածուների՝ ընտրվելու հիմնարար սահմանադրական իրավունքը հիմնովին խախտվել է:
Ընտրողների կամարտահայտության վրա այդպիսի մեթոդներով ազդելը խաթարում է, սակայն, ոչ միայն ընդդիմադիր ուժերի ընտրվելու սահմանադրական իրավունքը, այլև ընտրությունների օբյեկտիվ պատկերը, քանի որ այլևս հնարավոր չէ պարզել, թե ընտրողների որ հատվածի վրա և ինչ ծավալով են այդ խախտումներն ազդել, հետևապես՝ ընտրական հանձնաժողովների և դատական իշխանության խնդիրն էր՝ պարզել, թե այդպիսի խախտումները կարո՞ղ էին արդյոք ազդել ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ: Կրկնեմ՝ ոչ թե իրականում ազդել են, այլ կարո՞ղ էին ազդել, թե՞ ոչ:
Երբ խոսքն այն մասին է, որ կուսակցություններից մեկի համար բավարար չեն եղել աննշան թվով ձայներ, որպեսզի այն ներկայացված լինի խորհրդարանում, ապա ակնհայտ է, որ առնվազն այդ մասով ապօրինի ներգործությունն ընտրողների կամարտահայտության վրա կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Այսպիսով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, առնվազն ԲՀԿ-ի մասով ակնհայտ ապօրինի և անհիմն է՝ անգամ անկախ կոնկրետ ընտրատեղամասերում իրական կամ նենգափոխված պատկերից:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընդհանուր՝ օբյեկտիվ պատկերի վերականգնմանը, ապա դա հնարավոր չէ, քանի որ ընտրողների կամարտահայտության վրա ոչ իրավաչափ ներգործության ինտենսիվությունը՝ զուգակցված մինչև քվեարկության օրը և քվեարկության օրը կատարված՝ համակարգված, կազմակերպված, կառավարվող ընտրախախտումների հետ՝ անկախ ձայների հարաբերակցությունից, կանխորոշում են, որ ընտրակարգի այդպիսի խախտումներն ուղիղ միտված էին ընտրությունների իրական արդյունքների փոփոխությանը, և՝ անկախ այն հանգամանքից, հասե՞լ են իրենց նպատակին, թե՞ ոչ, ունակ էին ազդելու ընտրությունների արդյունքների վրա:
Շատերի համար երեսուն տարվա ընթացքում, ցավոք, պարզ չդարձավ այն, որ ընտրությունների արդյունքներն անվավեր են ոչ միայն քանակական ընտրախախտումների կրիտիկական ծավալի, ոչ միայն առանձին տեղամասերում ընտրությունների արդյունքների անվավերության, ոչ միայն տարբեր խախտումների թվաբանական հանրագումարի, այլ նաև և հատկապես ընտրությունների արդյունքներն աղավաղելուն միտված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության և որոշումների պատճառով՝ անկախ իրական արդյունքներից, քանի որ կանխավարկվում է, որ եթե պետությունն իր գործիքակազմն օգտագործում է ի շահ ընտրությունների մասնակիցներից մեկի, և տարբեր որոշումների, գործողությունների միջև առկա է համակարգային փոխկապակցվածություն՝ այդ նպատակին հասնելու համար, ապա ակնհայտ է, որ ընտրությունների որակը՝ անկախ քանակական ցուցանիշներից, խնդրահարույց է, կամ որ նույնն է՝ ընտրակարգը խաթարվել է, հետևապես՝ անգամ քանակական առումով քիչ խոցելի ընդհանուր պատկերը, թեև վերջին ընտրություններում դա էլ այդպես չէ, խիստ վիճելի է ընտրվելու իրավունքի երաշխավորման, ընտրողների իրական կամարտահայտության օրենսդրական և գործնական երաշխավորման տեսանկյունից:
Կարճ ասած՝ ընտրությունները լեգիտիմ չեն ոչ միայն քանակական խախտումների մեծ ծավալի, ոչ միայն փաստացի խախտումների էական ծավալի դեպքերում, այլև այն ժամանակ, երբ արդեն իսկ ապացուցված ապօրինությունների որակն այնպիսին է, որ կարող էր խաթարել ընտրությունների իրական արդյունքները՝ անկախ այն հանգամանքից, թե դա տեղի է ունեցել, թե ոչ, քանի որ այդ հանգամանքը վարչական վարույթի և դատավարության սեղմ ժամկետներում հնարավոր չէ պարզել ամբողջ ծավալով՝ հազարավոր փաստերի ուսումնասիրության և գնահատման օբյեկտիվ անհնարինության պատճառով:
Եթե պետությունը չի կարողանում երաշխավորել ընտրական գործընթացի համապատասխանությունը Սահմանադրության և օրենքների պահանջներին, իսկ դա անուղղակի փաստել են անգամ այս իշխանությունների առումով շահառու երկրների դիտորդները, ապա այդ գործընթացի արդյունքը կասկածելի է, հետևապես՝ ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ է:
Այսպիսով՝ իմ կարծիքով, այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներն իրենց որակով այնպիսին են, որ միտված էին ազդելու ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև ունակ էին ազդելու ընտրությունների արդյունքների վրա, հետևապես՝ այդ հիմքով այս ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը պետք է անվավեր ճանաչվեր:
Այն հարցի լուծումը, թե պե՞տք է արդյոք ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, թե՞ ոչ, պետք է վերապահել ընդդիմադիր ուժերի հայեցողությանը:
Իհարկե, մանդատներն ընդունելը կարող է տպավորություն ստեղծել, որ ընդդիմությունը լեգիտիմացնում է ընտրությունների արդյունքները, թեև հայտարարում է դրանք չընդունելու վերաբերյալ:
Այդ հարցը, ըստ իս՝ մասնակիորեն լուծվել է ընդդիմադիր ուժերի այն հայտարարությամբ, որով իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները:
Կարծում եմ, սակայն, որ առկա է հրամայական անհրաժեշտություն ոչ միայն այս ընտրությունների արդյունքների առնչությամբ, այլև նախորդող տարիներին սահմանադրական կարգի դեմ կոպիտ ոտնձգությունների մասին հիմնարար բնույթի հայտարարության միջոցով՝ ի լուր թե մեր ժողովրդի, թե միջազգային հանրության, շեշտելու, որ ընդդիմադիր ուժերը չեն ընդունում այս իշխանությունների լեգիտիմությունը՝ սկսած ամենաուշը 2020 թվականի հունիսից, երբ խաթարվեց սահմանադրական կարգը, թեև նախորդող երկու տարիներին նույնպես ակնհայտ ապօրինություններ են եղել, և, որ մանդատներն ընդունելը պայմանավորված է բացառապես նոր Սահմանադրության ընդունումը կամ այս իշխանության և նրա արբանյակների կողմից Սահմանադրության փոփոխությունները կանխելու նպատակով:
Մյուս կողմից՝ մանդատներն ընդունելու դեպքում էլ պետք է մշակել դրանք պատեհ պահին վայր դնելու մարտավարություն:
Բացի այդ՝ առանց ոչ լեգիտիմ խորհրդարանում գործելու միասնական հստակ ռազմավարության խորհրդարանական աշխատանքը կարող է հանգեցնել ընդդիմադիր ուժերի հեղինակության նվազեցման կամ անգամ կորստի՝ նախորդող տարիների սցենարով: Հախուռն գործելաոճը, սոսկ իշխանությունների քայլերին արձագանքելը, «սուր հարցերը» և այլն կարող են անուղղակի՝ քաղաքական տեսանկյունից լեգիտիմացնել Ազգային ժողովը և իշխանական ուժին, հետևապես, պետք է մշակել խորքային մոտեցում՝ միտված այդ ուժին անտեսելու և ընդդիմադիրների ուժերով «այլընտրանքային խորհրդարանի» մոդելի իրականացման ուղղությամբ: Կոնկրետ մարտավարության առնչությամբ դեռ վաղ է խոսել, բայց ընդհանուր տեսլական ունենալը չափազանց կարևոր է:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ գործող իշխանությունները՝ առանց իրենց արտաքին հովանավորների քաղաքական ծրագրերի, խորապես ապաքաղաքական են, սոսկ կատարողներ են, քաղաքակրթական և բարեվարքության առումով չափազանց ցածր սանդղակի վրա են գտնվում, և խորհրդարանում լուրջ քաղաքական գործընթացներ գեներացնել, իմ ընկալմամբ, չի ստացվելու, ինչպես չստացվեց անցած հինգ տարիներին: Այս տեսանկյունից՝ պետք է խորհրդարանում ընդգրկվեն միայն այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք ի զորու կլինեն որոշ հեռավորությունից «հաղորդակից լինել» հետագա ցածրաճաշակ ներկայացումներին՝ առանց դրանց մասը կամ «զոհը» դառնալու:
Ըստ ԿԸՀ որոշման՝ իշխող կուսակցությունը պահպանում է երեք հինգերորդի մեծամասնությունը, ուստի ընդդիմադիր խմբակցությունների իրավական հնարավորություններն իրականում խիստ սահմանափակ են լինելու:
Անգամ, եթե ԲՀԿ մանդատները վերադարձվեն այդ կուսակցությանը, ապա, թեև դա կլինի որակապես այլ իրավիճակ, սակայն ընդդիմադիր ուժերի հնարավորությունը՝ կանխելու առանցքային պաշտոններում ընտրությունները կամ նշանակումները, սահմանափակված են Հանրապետության Նախագահի կողմից մի շարք կարևոր պաշտոններում պաշտոնակատարներ նշանակելու սահմանադրական լիազորությամբ (Սահմանադրության 138-րդ հոդված):
Հիմնականում միայն սահմանադրական օրենքների ընդունումը, փոփոխությունը և ձայների երեք հինգերորդի մեծամասնությամբ ընտրվող դատավորների ընտրությունները կարող են կանխվել ընդդիմության կողմից: Սակայն դատական իշխանության բարձրագույն մարմիններն արդեն իսկ գերազանցապես կազմավորված են, և այդ տեսանկյունից սահմանադրական ճգնաժամ առաջացնելու հնարավորությունը շատ փոքր է:
Թյուր կարծիք կա նաև, որ խաղաղության պայմանագրի կամ այլ առանցքային միջազգային պայմանագրերի վավերացումը կարող է կանխվել ընդդիմության կողմից: Դա այդպես չէ․ Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջազգային պայմանագրերը վավերացվում են օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ այդպիսի մեծամասնություն իշխող քաղաքական ուժն ամեն դեպքում ունի և կունենա, քանզի, երբ այն կորցնի, կկորցնի նաև իշխանությունը:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը վիճարկելու հիմնախնդրին, պետք է նշել, որ ներկայիս Սահմանադրական դատարանը որևէ լեգիտիմություն չունի, և դիմելով այդ մարմնին՝ պետք է գիտակցել, որ այն ընդդիմության շնորհիվ ձեռք է բերելու որոշակի լեգիտիմություն:
Եթե ընդդիմությունը մանդատները ստացել է իր ընտրողներից, և ընտրությունների արդյունքները չընդունելու պայմանով խորհրդարանում ներգրավվելն այդ մարմնին իր ամբողջության մեջ չի լեգիտիմացնում, ապա ՍԴ-ի դեպքում գործ ունենք կործանարար և խորապես հակաիրավական գործընթացների արդյունքում գրեթե բացառապես ՔՊ ձայներով ձևավորված կառույցի հետ, որն ամենալավատեսական կանխատեսմամբ միայն ԲՀԿ մանդատները կարող է վերադարձնել այդ կուսակցությանը, սակայն անգամ այդ հարցում ես ունեմ լուրջ կասկածներ, թեև դա կարող է լինել նախապես մշակված ծրագիր՝ «իշխանություն՝ փշրանքների դիմաց»։
ՍԴ դիմելու հարցը շատ ավելի էական է, քան թվում է, քանի որ իրավական գործընթաց սկսելով և ձախողվելով՝ ընդդիմությունն անխուսափելիորեն կհայտնվի մի իրավիճակում, երբ հարկադրված է լինելու համակերպվել ՍԴ ցանկացած որոշման և դրա հետևանքների հետ:
Ավելի տրամաբանական և արդարացված կլիներ, եթե հակասահմանադրական գործընթացների, այդ թվում՝ վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված բոլոր մարմինների նկատմամբ մշակվեր միասնական մոտեցում, և այն հետևողականորեն կենսագործվեր:
Իհարկե, այս դեպքում ևս կարելի է չճանաչել ՍԴ լեգիտիմությունը և հայտարարել, որ այդ մարմինն անհրաժեշտ է սոսկ որպես հարթակ՝ մեր և միջազգային հանրությանը ներկայացնելու ընտրակեղծիքների մանրամասները և կառուցակարգերը, թեև իրավական անորոշությունն այդ հարցում անձամբ ինձ համար ավելի նախընտրելի կլիներ: Խոսքը ոչ թե սոսկ ԿԸՀ որոշման վիճարկման հարցով ՍԴ-ին չվստահելու մասին է, այլ նրա լեգիտիմության բացակայության հարցով իրավական և քաղաքական գնահատական տալու։
ՍԴ դիմելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, սակայն, անհրաժեշտ է այնպիսի մասնագիտական և տեղեկատվական առավելություն ստեղծել պատասխանող կողմի և դատավարությանը ներգրավվելիք այլ «հակառակորդների» նկատմամբ, որ հնարավոր լինի կանխել տպավորությունը, թե դատավարության սովորական կանոններին անխուսափելիորեն ենթարկվելը կարող է հիմք դառնալ այդ մարմինը և նրա կազմը լեգիտիմացնելու համար:
Այդուհանդերձ՝ որպես գործող սահմանադրական օրենքի հիմքում դրված՝ «Սահմանադրական դատարանի մասին» նախորդ խմբագրությամբ օրենքի նախագծի հիմնական հեղինակ, պետք է նշել, որ այս ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ որոշման վիճարկման տեսանկյունից ընդդիմադիր կուսակցությունները և դաշինքներն ունեն դատավարական լայն հնարավորություններ, որոնց այս պահին դեռ չէի ցանկանա անդրադառնալ:
Դիմողները կարող են բացահայտել հիմնական ընտրախախտումների որակական բաղադրիչնները՝ կենտրոնանալով մինչև 2020 թվականի հունիսը գործած՝ լեգիտիմ ՍԴ բազում որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների բովանդակությանը համապատասխան գնահատականների վրա: Այդ տեսանկյունից դատավարությունը «վարելը»՝ զուգորդված ապացույցներ հայցելու իրավական լայն գործիքակազմի ամբողջական կիրառման հետ, թույլ կտա մեծ անջրպետ առաջացնել ՍԴ ակնկալվող անհիմն որոշման և դատավարության ընթացքում բացահայտված փաստերի և իրավական գնահատականների միջև: Միայն այդ դեպքում, իմ կարծիքով, առնվազն մասնագիտական հարթությունում արդարացված կլինի ՍԴ դիմելը։
Մյուս կողմից՝ ՍԴ-ում դատավարության լայն լուսաբանում չապահովելու, ինչպես նաև դիմողների պահանջած ապացուցման՝ սահմանադրական օրենքով սահմանված գործիքակազմի արհեստական սահմանափակման դեպքերում դիմողները պետք է պատրաստ լինեն միասնաբար հետ վերցնել դիմումները:
Կարևորում եմ նաև այն, որ ՍԴ դիմելու առանցքում չլինեն առավելապես քանակական բնույթի խախտումներ, որակական հատկանիշներով չառանձնացող խախտումներ, կոնկրետ ընտրատեղամասերում տարաբնույթ, հազարավոր ոչ էական խախտումների փաստեր, քանի որ այդպիսի մոտեցումը դատարաններին, հատկապես ներկայիս ՍԴ–ին, միշտ օրինական հնարավորություն է տալիս և այժմ նույնպես կտա՝ երկրորդային փաստերն առանձնացնելու, ընդգծելու և դրանց «խիստ» գնահատականներ տալու միջոցով խուսափել ընտրությունների արդյունքների վրա իրապես ազդող փաստերի ուսումնասիրությունից և գնահատումից:
Այսպիսով՝ իմ կարծիքով, ՍԴ դիմելու հարցում ընտրախախտումները մեր և միջազգային հանրության առջև բացահայտելու շահը պետք է գերակայի այս իշխանություններին «ռազմավարական անորոշության» մեջ պահելու շահի հանդեպ, որպեսզի արդարացվի ՍԴ դիմելը, իսկ դիմելու դեպքում էլ անհրաժեշտ կլինի ապահովել և ակնհայտ դարձնել դիմող կողմի կամ դիմող կողմերի մասնագիտական և տեղեկատվական առավելությունը հակադիր կողմերի հանդեպ:
ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Արդարություն իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր, տնօրեն





































