Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այցելեց Ռուսաստան և բարձր մակարդակով հանդիպումներ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:

Թուրքիա-Ռուսաստան երկկողմ քննարկումների օրակարգում եղել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, վերջինը, ինչպես Ֆիդանն էր տեղեկացրել, մանրամասն են քննարկել, քանի որ շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար:

Իր հերթին՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայտնել էր, որ պայմանավորվել են անվտանգության ապահովման հարցերում սերտորեն փոխգործակցել Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև՝ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Մենք ամենուր լավ կապեր ունենք թուրք գործընկերների հետ, և, որ աշխատում են փոխլրացման սկզբունքով:

Ավելի ուշ Հաքան Ֆիդանը Turkiye թերթին տված հարցազրույցում նշել է, որ 3+3 ձևաչափը շատ կարևոր մեխանիզմ է Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման համար։

«Սա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման համար: Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից: Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում: Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի: Խաղաղությունը, անդորրը և կայունությունը բոլորի օգտին կլինեն: Մենք պետք է փոխենք մեր փոխըմբռնումը: 3+3 բանաձևը կծառայի Կովկասում նշանակալի համագործակցություն իրականացնելուն: Իհարկե, կան խոչընդոտներ: Որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը հասել է լուրջ մակարդակի: Մյուս կողմից՝ կա նաև ընդհանուր ձգտում»,- մանրամասնել է նա:

Ի՞նչ մեսիջներ են հղում Թուրքիան և Ռուսաստանն այս հայտարարություններով, արդյոք Թուրքիային ձեռնտո՞ւ  է Ռուսաստանի դերի վերականգնումը Հարավային Կովկասում, ի՞նչ չափով, և ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը։ Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ։

– Շատ պարզ պրոցես է տեղի ունենում. Հաքան Ֆիդանի մոսկովյան այցը և Լավրովի հետ հանդիպման արդյունքում հայտարարությունները պետք է նայել, այսպես ասած, արևմտյան վեկտորի հնարավոր ակտիվացմանը հակազդող տարածաշրջանային այս երկու դերակատարների դիտանկյունից։ Գաղափարն այն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն ռեգիոնալ խաղացողների կողմից՝ առանց արտաքին այլ ուժային կենտրոնների միջամտության։

Թուրքիայի համար «3+3» ձևաչափը մի հարթակ է, որտեղ ինքը, Ռուսաստանը և Իրանը կարող են կիսել ազդեցության գոտիները՝ դուրս մղելով առաջին հերթին՝ Վաշինգտոնին, ինչո՞ւ չէ, նաև՝ Բրյուսելին, իսկ Մոսկվայի համար, բոլոր հակադրություններով հանդերձ, Անկարան մնում է հարմարավետ գործընկեր, որը բազմաթիվ հարցերում օգնում է «փակ պահել» տարածաշրջանի դռներն Արևմուտքի առջև։

Ըստ իս, այս ակտիվությունը նաև կանխարգելիչ քայլ է՝ ուղղված Իրանի հնարավոր ինքնուրույն խաղի դեմ, քանի որ Վաշինգտոն-Թեհրան հնարավոր տակտիկական մերձեցումը և Իրանի քաղաքական, տնտեսական «հզորացումն» արմատապես փոխում են ուժերի հավասարակշռությունը։

Պատժամիջոցներից ազատված Իրանն ուղղակի մրցակից է դառնում Թուրքիայի համար էներգետիկ, լոգիստիկ ուղիների վերահսկողության հարցում, իսկ Թուրքիայի լուռ դիմադրությունը պանթուրանական նախագծերին և Սյունիքով անցնող «միջանցքի» գաղափարին նոր աշխարհաքաղաքական կշիռ է ստանում։

Ռուսաստանի համար ևս Իրան-Արևմուտք ցանկացած մերձեցում իր մեջ ռիսկ է պարունակում, Թեհրանը կարող է վերածվել Եվրոպայի համար այլընտրանքային էներգակիրների մատակարարի։ Հետևաբար՝ Մոսկվան և Անկարան շտապում են ֆիքսել իրենց ազդեցության գոտիները, քանի դեռ գլոբալ վերադասավորումները չեն փոխել խաղի կանոնները։

Այս իրավիճակը Հայաստանին կենսական մտածելու տեղիք է տալիս, բայց ցավալի իրականությունն այն է, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունն աչքի է ընկնում հստակ ռազմավարության և հեռահար տեսլականի բացակայությամբ։ Հայաստանն այսօր հայտնվել է բացառապես պասիվ հետևորդի դերում՝ կողքից հետևելով խոշոր դերակատարների դիրքային ու կոշտ պայքարին, ու փորձում է կողմնորոշվել զուտ իրավիճակային հարմարվողականությամբ, ինչը, մեղմ ասած, ամեն անգամ ճակատագրական իրավիճակի առաջ է բերում և կանգնեցնում հայ ժողովրդին:

– Հաքան Ֆիդանի մոսկովյան այցի ֆոնին թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին «կանգ առնելով Զանգեզուրի գծի վրա», կոչ արեց իրերն իրենց անունով կոչել՝ նշելով. «Սա պատմական երթուղի է, որը կամրապնդի Նախիջևանի կապերը հայրենի Ադրբեջանի հետ, և Թուրքիան կկապի Կասպից ծովի հետ` եղբայրական Ադրբեջանի միջոցով, իսկ այնտեղից՝ Թուրքեստանի (Կենտրոնական Ասիա։- խմբ․) հետ։ Զանգեզուրի գիծը նշանակում է Նախիջևանի կապի ապահովում Ադրբեջանի հետ։ Այս միջանցքը կստեղծի ռազմավարական նշանակության միջավայր՝ «Մեկ ազգ, երկու պետություն» ոգին ողջ թյուրքական աշխարհով մեկ տարածելու համար։ Այս գիծը փաստացի Թուրանի միջանցքն է։ Թուրանի միջանցքը պատմական և մշակութային դարպաս է, որը ձգվում է Կարսից մինչև Թուրքեստանի սահմանները»:

Սրան զուգահեռ՝ Նախիջևանից «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին Հայաստանից հստակ պահանջում է՝ պայմաններ ստեղծել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար: Զուգադիպությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, հատկապես, երբ երկու դեպքում էլ փորձ է արվում շեշտը դնել «պատմականության» վրա: 

– Այդ երկու հայտարարությունները հետաքրքիր են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ այն պատճառով, որ արտացոլում են Անկարայի և Բաքվի գործողությունների բարձր աստիճանի ներդաշնակ լինելը։ Շատերի համար պարզ է, որ Թուրքիան տարածաշրջանում առաջ է տանում ոչ միայն իր անմիջական քաղաքական և տնտեսական շահերը, այլ նաև ավելի լայն՝ պանթուրքական ռազմավարական տեսլականը, որի առանցքային բաղադրիչներից մեկը թյուրքական աշխարհի աշխարհագրական և քաղաքական միավորման գաղափարն է։ Այդ համատեքստում «Թուրանի միջանցք» ձևակերպումն այդ գաղափարախոսական նախագծի արտահայտությունն է։ Միաժամանակ Ադրբեջանը տարբեր հարթակներով շարունակում է առաջ մղել «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» օրակարգը՝ միջանցքային թեման լրացնելով նոր քաղաքական և «ժողովրդագրական» ճնշման բաղադրիչներով։

Պարզ է, որ Անկարան և Բաքուն բազմաթիվ ռազմավարական հարցերում գործում են փոխլրացնող և համակարգված տրամաբանությամբ՝ հաճախ առաջնորդվելով սեփական երկարաժամկետ նպատակներով, որոնք միշտ չէ, որ համընկնում են նաև տարածաշրջանի մյուս դերակատարների շահերի հետ։ Արդյունքում՝ «միջանցքի» թեման մշտապես պահվում է տարածաշրջանային օրակարգի առաջնագծում՝ տարբեր ձևակերպումներով ու տարբեր բաղադրիչներով, ինչը վկայում է, որ այդ ամենն ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության մաս է ու տարածաշրջանային քաղաքականության առանցքային թեմա է։

– 2025թ. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ նախաձեռնվեցին, որոնց համաձայն՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:

Բացի այս, որոշվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունից հեռացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները և շեշտել՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։ Այսինքն, Ալիևը որոշեց սահմանափակել Նախիջևանի ինքնավարությունը: Նախիջևանի շուրջ զարգացումների ռազմավարական նպատակները և Հայաստանի համար ռիսկերը բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ: Եվ այսօր տեղեկություն հրապարակվեց, որ Ալիևը որոշել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի լիազոր ներկայացուցչությանը 1-ին կարգի պետական մարմնի կարգավիճակ տալ: Կարո՞ղ ենք ասել, որ Բաքուն՝ Ալիևը, Թուրքիայից փորձում է վերցնել Նախիջևանի «վերահսկողությունը», թե՞ նույնիսկ այս դեպքում թուրքական ներկայությունն ազդեցիկ է մնալու այնտեղ:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ 168.am-ում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ