Թալիբները վերջնաժամկետ են դրել ԱՄՆ-ի առաջ իրենց զորքերն Աֆղանստանից դուրս բերելու համար
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հավելյալ ժամանակ չեն ստանա տարհանում իրականացնելու համար: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Վերջինս ընդգծել է, որ թալիբները չեն համաձայնի երկարաձգել Աֆղանստանից զինված ուժերի դուրս բերման ժամկետներն այդ երկրների համար: Եթե արտասահմանյան զորակազմը երկրից չհեռանա մինչ այդ ամսաթիվը, ապա շարժումը կամապատասխան «արձագանք կտա»:
«Դա կարմիր գիծ է: Նախագահ Բայդենը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին իրենք դուրս կբերեն բոլոր զինված ուժերը: Այդ իսկ պատճառով եթե նրանք երկարաձգեն ներկայությունը, դա կնշանակի, որ իրենք երկարաձգում են օկուպացիան, թեև դրա անհրաժեշտությունը չկա: Եթե նրանք շարունակեն օկուպացիան, դրան կհետևի արձագանքը»,- ասել է թալիբների ներկայացուցիչը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի կեսերից 28 000 մարդ է տարհանվել Աֆղանստանից, հուլիսից ի վեր՝ 33 000:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: