ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ ամերիկացիներն աջակցում են Իրանի նկատմամբ խիստ քաղաքականությանը և նրա մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելու անհրաժեշտությանը՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների ֆինանսավորման հնարավոր ավելացման մասին հարցը։

Պատասխանելով CNN-ի թղթակցի այն հարցին՝ արդյոք ԱՄՆ քաղաքացիները բնակչության ֆինանսական դժվարությունների ֆոնին աջակցո՞ւմ են «հավերժական պատերազմի» համար 80 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ծախսերին, Թրամփը նախ քննադատել է հեռուստաալիքը, որից հետո հայտարարել է, որ նման քաղաքականությանն աջակցությունը բարձր է։

«Նրանք ոչ միայն աջակցում են դրան, այլև պահանջում են դա, որովհետև նրանք թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ուզո՞ւմ եք խնդիրներ տեսնել։ Նրանց միջուկային զենք տվեք։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում Իրանի հետ։ Նրանք ջախջախված էին, և մենք նրանց հետ գործարք ենք կնքում, ու կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ առաջ կգնա։

Եվ հենց հիմա, ինչպես դուք, հավանաբար, երեկ լսել եք, Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. դա նեղուցի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Մեր ֆոնդային շուկան առավելագույն բարձրակետերում է, իսկ նավթի գները նվազում են։ Մենք այսօր փաստացիորեն կարճ ժամանակով հատեցինք մեկ բարելի դիմաց մոտ 70 դոլարի մակարդակը։ Դա ավելի ցածր է, քան սկզբում էր։ Եվ ամենակարևորը՝ Իրանը միջուկային զենք չի ստանա»,- ասել է Թրամփը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ