«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ՝ Արման Ղուկասյանը գրում է.

423 միլիարդ դրամ՝ հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում միայն պետական պարտքի տոկոսների վճարման համար։ Ոչ թե պարտքի մարման, ոչ թե դպրոցների կառուցման, ոչ թե հիվանդանոցների, ոչ թե թոշակների բարձրացման համար։

Միայն տոկոսների վճարման համար։

Համեմատության համար՝ 2026 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմելու են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ պետական բյուջեի ավելի քան 11 տոկոսը ուղղվելու է պարտատերերին տոկոսներ վճարելուն։

Եվս մեկ կարևոր թիվ։

2026 թվականին պետական պարտքի մարման և սպասարկման համար ընդհանուր առմամբ նախատեսված է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Դրանցից 423 միլիարդը տոկոսների վճարումն է, իսկ շուրջ 630 միլիարդ դրամը՝ նախկինում վերցված պարտքերի վերադարձը։

Ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր։

Մեզ անընդհատ պատմում են տնտեսական աճի, հաջողությունների, բյուջետային մուտքերի ավելացման մասին։ Սակայն միաժամանակ պետական պարտքը շարունակում է աճել և 2026 թվականի վերջում նախատեսվում է, որ այն կգերազանցի 6,3 տրիլիոն դրամը։

Առաջանում է պարզ հարց։

Եթե տնտեսությունն աճում է, եթե բյուջեն աճում է, եթե հարկային մուտքերը ռեկորդային են, ապա ինչո՞ւ է Հայաստանը տարեկան հարյուրավոր միլիարդներ վճարում միայն պարտքերի տոկոսները փակելու համար։

423 միլիարդ դրամ։

Սա գումար է, որը կարող էր ուղղվել թոշակների բարձրացմանը, երիտասարդ ընտանիքների աջակցությանը, մարզերի զարգացմանը, առողջապահությանը և բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը։

Իշխանությունները սիրում են խոսել ապագայի մասին։

Բայց ապագա դժվար է կառուցել, երբ պետական բյուջեի յուրաքանչյուր իններորդ դրամը գնում է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ պարտատերերին։

Հայաստանը չպետք է վերածվի մի երկրի, որը աշխատում է միայն իր պարտքերի տոկոսները վճարելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ