Պատվաստումների կոչ անելու համար Թրամփին հանրահավաքում սուլել են
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամայում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ բոլորին կոչ է արել պատվաստվել COVID-19-ի դեմ, որից հետո ամբոխից սուլոցներ եւ անհամաձայնության բացականչություններ են հնչել, գրում է New York Daily News-ը:
Հանդիպման սկզբում Թրամփը հայտարարել է, որ հասկանում է նրանց, ովքեր չեն վստահում հօգուտ պատվաստումների գիտական փաստերին, եւ ընդգծել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ:
«Ես խորհուրդ եմ տալիս պատվաստվել, ես դա արդեն արել եմ: Պատվաստվելը լավ է»,- ասել է Թրամփը, որից հետո սուլոցներ եւ անհամաձայնության բվվոցներ են լսվել:
«Ամեն ինչ կարգին է, դուք ունեք ընտրության ազատություն: Եթե դա չաշխատի, դուք առաջինը կիմանաք դրա մասին»,- խոստացել է ԱՄՆ նախկին նախագահը` հասկացնելով, որ կտեղեկացնի նահանգի բնակիչներին, եթե իր մոտ պատվաստումից կողմնակի բարդություններ լինեն:
ԱՄՆ-ում համավարակը մոտ 630 000 ամերիկացու կյանք է խլել: