Axios․ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց վրա հարձակումները և երեքշաբթի հանդիպել Կատարում
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց վրա հարձակումները, քանի որ երկու կողմերն էլ ծրագրում են երեքշաբթի հանդիպել Կատարի մայրաքաղաքում՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրենց վեճը կարգավորելու համար, հաղորդում է Axios պարբերականը։
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, հրադադարը ընդամենը 11 օր է շարունակվում, սակայն դրա հիմքերն արդեն սասանվել են երկու կողմից հարվածների վերսկսման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը վերսկսելու ու «սկսածը ավարտին հասցնելու» սպառնալիքի պատճառով։
«Մենք որոշել ենք դադարեցնել ամբողջ կինետիկ ակտիվությունը»,- Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ օգտագործելով ռազմական տերմին, որը նշանակում է հարվածներ և այլ հարձակումներ։
ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ երկու կողմերը «այս պահին» կդադարեցնեն բանակցությունները, և որ «նավերը կարող են ազատ տեղաշարժվել», մինչ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն։ Երկու ամերիկացի պաշտոնյաներն ու երրորդ իրազեկ աղբյուրը հաստատել են երեքշաբթի նախատեսված հանդիպումը։
Փոխըմբռնման հուշագրի համաձայն, Իրանը պարտավորվել է գործադրել բոլոր ջանքերը՝ նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։
Իր հերթին ԱՄՆ-ն հանել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Անցյալ շաբաթ Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Վենսի գլխավորությամբ, Իրանի հետ պայմանավորվել է ԱՄՆ զինվորականների և ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս)՝ Իրանի ռազմական հրամանատարության միջև «թեժ գիծ» ստեղծելու շուրջ՝ նեղուցում շարժը համակարգելու համար։
Axios-ի տեղեկություններով, շաբաթ օրվա դրությամբ «թեժ գիծը» դեռևս չէր գործում, նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը կրկին սկսել էր հայտարարել, որ նավերը պետք է համաձայնեցնեն անցումը։
Ինչպես հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը, սկզբնապես նախատեսվում էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկայանան երեքշաբթի Շվեյցարիայում։
Հակամարտության սրման պատճառով դրանք տեղափոխվել են այլ վայր և կենտրոնացել են Հորմուզի նեղուցի վրա։ Ամերիկացի պաշտոնյայի և իրազեկ աղբյուրի տեղեկությամբ, սպասվում է, որ բանակցություններին կմասնակցի Նիք Ստյուարտը, որը ղեկավարում է ԱՄՆ տեխնիկական թիմը։






































