«Մխիթարյան Ռուբիկը՝ Վերաքննիչ դատարանի դատավոր, նոր դատավոր չէ այս իշխանություններին ծառայելու տեսակետից։ 2018 թվականի դեկտեմբերի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ցուցումը, պատվերը կատարող դատավորն է»,-Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումից հետո հրավիրած հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ  Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքում դատավորը դրել էր բացառապես Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը հետագայում հակասահմանադրական ու անվավեր ճանաչվեց։

«Այսինքն, դատավորի մակարդակի, որակի կամ արդարդատության հետ առնչության մասին, կարծում եմ, կարող եք պատկերացում կազմել նաև դուք»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, ինչպես նաև Արմեն Չարչյանի փաստաբանը, լավատեղյակ է երկու քրգործերի մանրամասներին։

Այսօր Ռուբեն Մխիթարյանի կողմից կայացրած որոշումը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ նա համարում է ապօրինի։

«Պարզ չէ այլևս, թե ինչ իմաստ ունի պատգամավորի անձեռնմխելիությունը Հայաստանում։ Տպավորություն կա, թե ընդդիմադիր ուժի համար կարևոր նշանակություն ունի անձեռնմխելիությունը։ Բացարձակ։ Նույնիսկ կարող եմ, ասել, որ վերացնեն Սահմանադրությունից։ Բայց այսօր այն դարձել է գոյություն չունեցող մի ինստիտուտ՝ պարզապես դատախազների, քննիչների, դատարանների քմահաճույքից ելնելով։ Սա աբսուրդ է, սա երկրի օրենսդիր մարմնի հեղինակությանը, համբավին իսկապես ուղղակի միջամտող վարքագիծ է, որը նախկինում  երբեք չի եղել»,-ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ, պրոֆեսոր Չարչյանն այսօր գտնվում է կալանավորվածի կարգավիճակում առանց որևէ պատշաճ իրավական հիմքի։

«Սա այս իշխանության վարքագծային դրսևորումներից է, մշտապես ապահովել իրավական ամենաթողության նոր ու անգերազանելի բարձունքներ, պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը կլինի որպես օրինակ, թե ինչպես չպետք է լիի դատավորը, թե ինչպես չպետք է հեռանալ արդարադատություն իրականացնելուց»,-նշեց նա։

Վարդևանյանը տեղեկացրեց, որ պրոֆեսոր Չարչյանն այսօր իր ոտքով ներկայանալու է «Վարդաշեն» ՔԿՀ։

Ասուլիսի մասնակից  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանն էլ նշեց, որ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ բան, երրորդ  հանրապետության օրոք ընդդիմությունը երբեք այսքան հետապնդված չի եղել, երեք պատգամավոր կալանավորված է, առնվազն 13-14-ի նկատմամաբ իրականացվումէ  քրեական հետապնդում, կիրառված են խափանման միջոցներ, պատգամավորական գործունեությունը էապես սահմանփակված է։

«Կայացված ակտը ապօրինի է, դատավոր Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր կան, ինչպես նաև առկա են նաև քրեական հանցակազմի էլեմենտներ»,-ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն