Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
Դատախազության հիմնադրման առիթով միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, ովքեր ունեն փող, իշխանություն, կապեր:
Որեւէ մեկը՝ ով անտեղյակ է Հայաստանի վերջին ութ-իննը տարիների պատմությունից, կարդալով սա կմտածի, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր որեւէ կուսակցության առաջնորդ է, որը անխոնջ պայքար է մղում երկրում անարդարությունների դեմ:
Բնականաբար, որեւէ մեկի մտքով չի անցնի, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան ութ տարի զբաղեցնում է Հայաստանի վարչապետի, այն էլ՝ սուպերվարչապետական պաշտոնը: Խոսքը իհարկե՝ կրկնեմ, նրանց մասին է, որոնք տեղյակ չեն Հայաստանի վերջին ութ տարիների անցուդարձից:
Ավելի քան ութ տարի սուպերիշխանություն տնօրինող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արդարադատութունը հասանելի է միայն փող ու կապեր ունեցողներին: Իսկ ո՞վ պետք է իրականացներ այնպիսի ռեֆորմացիա, որ արդարադատությունը հասանելի լիներ բոլորին, կամ՝ համենայն դեպս զգալիորեն դառնար բոլորին հասանելի: Եվ ինչու՞ չի իրականացվել այդ ռեֆորմացիան:
Շատ պարզ պատճառով, կամ՝ պատճառներով: Նախ, արդարադատության իրական ռեֆորմ իրականացնելու համար պետք է կարեւորագույն մի բան՝ ռեֆորմիստական բնույթ եւ մասնագիտական կոմպետենտություն: Երկրորդ, արդարադատության ռեֆորմ իրականացնելու եւ անկախ ու հանրամատչելի արդարադատության համակարգ ձեւավորելու համար պետք է մեկ այլ կարեւորագույն հանգամանք՝ նույն այդ էլիտաների կոնսենսուս սկզբունքային հարցերի շուրջ, այդ թվում առաջին հերթին սեփականության պաշտպանության իրավունքի: Այդպիսո, Հայաստանում բացակայել է արդարադատության ռեֆորմի այս երկու առանցքային նախադրյալը:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության ընթացքում շեշտը դրել է այդ երկուսի խորացման վրա: Այսինքն, նա իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունը» անվերապահ ընդունելի դարձնելու համար, եւ երկրորդ՝ նա խորացրել է էլիտաների շրջանում եւ նաեւ հանրության շրջանում թե անհանդուրժողությունը համակեցության իմաստով, թե նաե անհանդուրժողությունը սեփականության իրավունքի հանդեպ: Խորացրել է այդ ամենը՝ լինելով վարչապետի, իշխանության կրողի կարգավիճակում:
Հետեւաբար, դրանով նա խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը:









































