Թրամփը ԱՄՆ երկրորդ տիկնոջ փոդքաստում կարդացել է երկրի նախագահների մասին մանկական գիրքը և նրանց հասցեին կատակներ արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալվել է ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի Storytime with the Second Lady փոդքաստում, որտեղ մասնակիցները երեխաների համար պատկերազարդ գրքեր են կարդում։ Ուրբաթ հրապարակված թողարկման ընթացքում Թրամփը ոչ միայն կարդացել է ԱՄՆ նախագահների մասին մանկական գիրքը, այլև ընթերցանությունն ուղեկցել է իր նախորդների, ֆիզիկական վիճակի և Սպիտակ տանը նրանց կյանքի մասին մեկնաբանություններով, հայտնում է Associated Press-ը։
Ձայնագրությունն արվել է հունիսի կեսերին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Նկարահանումների համար սրահը լրացուցիչ ձևավորվել էր․ ինտերիերում հայտնվել էին Սպիտակ տան խորհրդանիշներով տարրեր, ճաղատարծվի փափուկ խաղալիք, մեծացված գրքերի կապոցներ և Lego-ով պատրաստված գլոբուս։
Թրամփը կարդում էր Presidents Play! գիրքը՝ Սպիտակ տան պատմական ասոցիացիայի հրատարակությունը, որտեղ ԱՄՆ նախագահները պատկերված են սպորտով զբաղվելիս և նստավայրի տարածքում հանգստանալիս։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հասցնո՞ւմ է կարդալ հաճույքի համար, Թրամփը հայտարարել է, որ հիմնականում թերթեր է կարդում, և հավելել, որ ամենից հաճախ կարդում է իր մասին նյութերը։
Ընթերցանության ընթացքում նա մեկնաբանում էր ԱՄՆ նախկին նախագահների պատկերները, կատակներ անում և հղումներ կատարում վարչակազմի ընթացիկ նախագծերին, այդ թվում՝ Սպիտակ տան տարածքում նոր մեծ դահլիճի կառուցմանը։
Լինդոն Ջոնսոնին նա անվանել է «ամուր ընկույզ», Ռոնալդ Ռեյգանին՝ «շատ արժանի մարդ», իսկ Ջոն Քենեդիին՝ «արտաքինով ԱՄՆ նախագահների մեջ երկրորդը»։ Սակայն Թրամփը չի հստակեցրել, թե ում է համարում առաջինը։
Ռիչարդ Նիքսոնը, որը հրաժարական էր տվել Ուոթերգեյթի սկանդալի ֆոնին, ըստ Թրամփի, «ընկել էր փորձանքի մեջ»։ Հերբերտ Հուվերը, որը պատկերված էր իր ստեղծած «Հուվեր-բոլ» խաղը խաղալիս, նախագահի մոտ կատակ էր առաջացրել այն մասին, որ «տնտեսության հարցում նրա մոտ ավելի վատ ստացվեց, քան խաղի»։
Բարաք Օբաման, որին Թրամփը նախկինում բազմիցս քննադատել էր, նրա կողմից անվանվել է «Բարաք Հուսեյն Օբամա»։ ԱՄՆ նախագահը կասկածի տակ է դրել, որ Օբաման լավ է խաղում բասկետբոլ, և հավելել, որ նա «հազիվ թե հայտնվի Masters-ում»՝ գոլֆի հեղինակավոր մրցաշարում։
Մեկնաբանելով Բիլ Քլինթոնի՝ վազքով զբաղվելիս պատկերը՝ Թրամփը նշել է, որ, հավանաբար, ինքն անձամբ երբեք դրանով չի զբաղվի, սակայն հավելել է, որ «ընդհանուր առմամբ նա իրեն դուր է գալիս»։
Աբրահամ Լինքոլնի ձիու վրա պատկերված նկարազարդումը տեսնելով՝ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար փորձել ձիավարությունը, սակայն կնախընտրեր «շատ դանդաղ և հանգիստ ձի»։
ԱՄՆ նախկին նախագահների ֆիզիկական վիճակը քննարկելիս Թրամփը հիշատակել է նաև Ջերալդ Ֆորդին, ապա նշել, որ կարևոր է հետևել առողջությանը և թույլ չտալ քաշի ավելացում՝ հավելելով, որ չէր ցանկանա կրկնել Ուիլյամ Թաֆթի՝ ԱՄՆ ամենախոշոր նախագահի, «ռեկորդը»։
Թողարկման ավարտին Թրամփն անդրադարձել է Անկախության օրվա թեմային՝ հայտարարելով, որ երկիրը «կանգնած է խաչմերուկում», սակայն վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կդառնա «առավել մեծ, քան երբևէ»։



































