«Հրապարակ». Արթուր Ալեքսանյանը չէ իր հեռախոսին պատասխանողը, Նազիկ Ավդալյանը կարող է միայն սպորտից խոսել, Հռիփսիմե Խուրշուդյանին «հանգիստ թողնենք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել բանտ ուղարկել ընդդիմադիր երեք առաջնորդներին, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ նրան ամենաշատը խոցել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ուժին նախ ապօրինությունների միջոցով զրկեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից՝ ավելի քան 60 հազար քվե ոչնչացնելով, ապա հարձակում ձեռնարկեցին Ծառուկյանի բիզնեսների ու անձնապես նրա նկատմամբ: Բոլորս տեսանք, թե ինչպես են ձեռնաշղթաներով, որոնք Ծառուկյանի ձեռքերի համար փոքր էին, դիմակավորված սպեցնազի ուղեկցությամբ նրան տանում դատարան` կալանքի հարցի քննությանը մասնակցելու։
Քննչական կոմիտեն մի անհասկանալի հաղորդագրություն է տարածել` նրան մեղադրելով հարկերը թաքցնելու, խարդախության մեջ, և միջնորդել է դատարանին՝ նրան երկու ամսով կալանավորել: Միջնորդությունը քննելու է 33-ամյա դատավոր Գարիկ Աբելյանը, որը կալանավորել է Անդրանիկ Թևանյանին, փաստաբան Կոչուբաևի նկատմամբ մեղադրական դատավճիռ է արձակել:
Քանի որ Ծառուկյանը մշտապես եղել է սպորտի և սպորտսմենների կողքին, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ըմբշամարտիկներին եւ ծանրամարտիկներին, մեզ հետաքրքրեց, թե նրանք ինչ են մտածում Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Արթուր Ալեքսանյանը` Սպիտակ արջը, մեր զանգին պատասխանելով ասաց, որ ինքն Արթուրը չէ, այլ Արթուրի եղբայրն է, և հրաժարվեց պատասխանել մեր հարցին:
Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը զայրացավ. «Ինձ առավոտից անդադար լրագրողներ են զանգում, ինձ հանգիստ թողեք»:
Նազիկ Ավդալյանն ասաց. «Սխալ մարդու սխալ հարց եք տալիս, ես կարող եմ միայն սպորտից խոսել»: Սա այն դեպքն է, որ չզարմացանք` Ավդալյանը ԿԳՄՍՆ-ի հետ ծրագրեր է անում, թերևս լուռ պայմանագիր է կնքել` իշխանություններին պաշտպանել ամեն ինչում»:








































