Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
«Հուլիսի 15-ն էր։ Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մասին, ով մահացել է 2022 թ. հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում նիստի ընթացքում։
«Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։ Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։
Երբ ժամը լրացավ, պայուսակից հանեցինք ու սեղանին դրեցինք մի խուրձ նամակներ։ Արմենի ծննդյան օրվա շնորհավորանքներն էին հարազատներից։ Չգիտեմ ինչ էին գրել, բայց հաստատ մեգավատով ջերմություն էին փոխանցել։ Հուզմունքով, ժպիտով ու քթի տակ նամակագիրներին պատասխանելով՝ ընթերցեց ու վերընթերցեց բոլոր նամակները։ Հետո էլ մի քանի կարճ մաղթանք մե՛նք ասեցինք։ Մաղթեցինք, որ շու՛տ դուրս գա բանտից ու էլ հետ չվերադառնա։
Մեզ հրաժեշտ տալիս՝ իր անկրկնելի զրնգուն ձայնով ասեց՝ «Բռատ ջան, դեհ՝ մինչ ուրբաթ։ Գիտես չէ՞ - ի՜նչ անհամբերությամբ եմ սպասում դատին»։
Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր։ Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…
Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ։ Ցերեկը լապտերով ման գաս՝ չե՛ս գտնի ո՛չ տենց ժպիտ, ո՛չ էլ տենց արժանապատվություն»,- գրել է Ռուբեն Մելիքյանն ու հրապարակել տեսանյութ՝ «Արմենի մեծատառով Ընկեր Հրանտ Թոխատյանի էջից»։
Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր, նա հայտնի էր հանրությանը «Ուրախների և հնարամիտների «ԵրՄԻ» թիմում իր ելույթներով և իր պրոդյուսերական գործունեությամբ։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր 2022 թ. մայիսի 17-ից՝ ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով: Նրա ինքնազգացողությունը պաշտպանի ելույթի ժամանակ վատացել էր, կորցրել գիտակցությունը։ Քիչ անց հայտնել էին, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։








































