Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Քնեսեթում
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Քնեսեթում կասեցվել է։ Դրա մասին հայտնում է JNS-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն պաշտպանել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը։ Նախարարների կաբինետի հավանությանն արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է ներկայացվեր խորհրդարանի քննարկմանը։
JNS-ի տվյալներով՝ քվեարկությունը հետաձգվել է տարածշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Պարբերականը նշում է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են Գազայի հատվածում ընթացող պատերազմի և Իսրայելի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունների պատճառով։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, ով նախաձեռնությունը ներկայացրել էր կառավարությունում, նախկինում ճանաչումն անվանել էր պատմական արդարության հարց: AP-ի տեղեկություններով՝ իսրայելական իշխանություններն իրենց որոշումը բացատրել էին նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման քաղաքականությամբ։
Անկարան, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելի նախաձեռնությունը քաղաքական բնույթ է կրում։
JNS-ը նշում է, որ քվեարկության տեղափոխումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Բացի դրանից, անցյալ ամիս Ադրբեջանը դատապարտել էր Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել հրաժարվել այդ նախաձեռնությունից։
Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































