ԶԼՄ-ներ. Թալիբներն Աֆղանստանը կառավարող 12 հոգուց բաղկացած խորհուրդ կձեւավորեն
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարող խորհուրդ ձեւավորել, որում նրանք ցանկանում են ներառել 12 հոգու, այդ թվում` երկրի նախկին կառավարության որոշ անդամների: Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով շարժման առաջնորդներին մոտ կանգնած աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
Այս տվյալների համաձայն` խորհրդի երեք ամենաազդեցիկ անձինք պետք է լինեն Թալիբանի քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը, «Թալիբան»-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը, ով շարժման հիմնադիր մոլլա Օմարի որդին է, ինչպես նաեւ «Հաքանի» ցանցի դիվերսիոն խմբի դաշտային հրամանատար ու ղեկավար Սիրաջուդին Հաքանին:
Պարբերականը նշում է, որ թալիբները չեն ցանկանում վերականգնել նախագահի կամ Աֆղանստանի որեւէ այլ միանձնյա ղեկավարի պաշտոնը: Ընդ որում, նրանք մտադիր են իրենց նախընտրած նոր կաբինետում առաջարկել ԱՄՆ-ի աջակցությամբ կառավարության նախկին նախարարների որոշ անդամների: Այսպիսով, թալիբները ցանկանում են հնարավորինս ընդգրկուն կառավարություն ստեղծել`միջազգային հանրության կողմից ճանաչում ձեռք բերելու իրենց հնարավորությունները մեծացնելու համար:
Բացի այդ, թալիբները, ըստ Բարադարին եւ Յակուբին մոտ կանգնած աղբյուրների, կցանկանային տեսնել Ահմադ Մասուդին (1953-2001)` Փանջշերի առյուծ մականունով դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդուն, ով ժամանակին Հյուսիսային դաշինքի առաջնորդն էր: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, դա քիչ հավանական է, քանի որ ներկայումս Մասուդը ղեկավարում է թալիբներին դիմադրության ուժերը, որոնք տեղակայված են աֆղանական Փանջշեր նահանգում: