«Ունենք 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներ, 3773 զոհ, 243 անհետ կորած». Նիկոլ Փաշինյանը «արտառոց պայմաններում» ներկայացնում է կառավարության ծրագիրը
Կառավարության 2021-26 թթ․ գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում, ԱԺ-ի դատին ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ինչն է, իր պատկերացմամբ, այդ արտառոց պայմանների պատճառ դարձել և հրապարակեց նոր տվյալներ՝ վերաբերող պատերազմում զոհերին, անհայտ կորած զինծառայողներին։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ, սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով՝ նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, Կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը», - ասաց նա։