ՀՀ կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ասվածի համատեքստում ամենակարևորը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է։

«Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը։ Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը։ Գործնական առումով ՀՀ կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ ու տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում։ «Եվ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Պիտի հատուկ արձանագրեմ, որ կառավարության ծրագիրը ձևավորված և ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանը առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով։ Եվ կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի»,- հավելեց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն