Ռուբիո-Լավրով հանդիպում․ բանակցությունների նոր փո՞ւլ, թե՞ հին փակուղի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրջ 35 րոպե տևած հանդիպումը, որը կայացավ Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ԱՍԵԱՆ-ի, արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, առաջին հայացքից որևէ բեկումնային արդյունք չտվեց։
Կողմերը չհայտարարեցին ո՛չ հրադադարի շուրջ առաջընթացի, ո՛չ նոր բանակցությունների մեկնարկի, ո՛չ էլ որևէ քաղաքական պայմանավորվածության մասին։ Սակայն հանդիպումից հետո հնչած հայտարարությունները ցույց տվեցին շատ ավելի կարևոր իրողություն. Վաշինգտոնն ու Մոսկվան այսօր համաձայնություն չունեն ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանների, այլև այն հարցում, թե որտեղից պետք է ընդհանրապես սկսվի բանակցային գործընթացը։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Նրա որակմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» կպահանջվեն:
Նա նշեց, որ նախկին առաջարկներն «այն ժամանակ անընդունելի էին Ուկրաինայի համար»:
«Եվ չեմ կարծում, որ դրանք ընդունելի կլինեն նրանց համար նաև այժմ: Իրականում, հավանաբար, նույնիսկ ավելի քիչ ընդունելի»,- ասաց Պետդեպարտամենտի ղեկավարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը։
«Եթե խաղաղություն հաստատվի, դա տեղի կունենա որոշակի նոր գաղափարների և նոր հայեցակարգերի շնորհիվ, և մենք պատրաստ ենք առաջարկել դրանցից մի քանիսը հարմար պայմաններում ու ձևաչափով, եթե ընձեռվի հնարավորություն, և ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Մենք պատրաստ ենք ստանձնել այդ դերը»,- հավելել է Ռուբիոն։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենից շատ ցանկանում է, որ «մարդիկ դադարեն զոհվել», որպեսզի Ուկրաինան կարողանա ապրել խաղաղության մեջ, ուկրաինացիները կարողանան վերադառնալ հայրենիք և վերականգնել այն, և, որ շաբաթական հինգ հազար երիտասարդ ռուսներ չսպանվեն:
«Նա [Թրամփը] կարծում է, որ սա հիմար և անիմաստ պատերազմ է: Եվ եթե մենք կարողանանք մեր դերը խաղալ դրա ավարտման գործում, մենք պատրաստվում ենք դրա համար օգտագործել Միացյալ Նահանգների ուժն ու ազդեցությունը: Մենք պատրաստ ենք դա անել, եթե ընձեռվի նման հնարավորություն, և հուսով եմ՝ այդպես էլ կլինի: Եվ հենց սա ենք մենք հետևողականորեն հասցնում երկու կողմերի գիտակցությանը»,- եզրափակել է Ռուբիոն։
ՌԴ ԱԳՆ-ն հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Լավրովը Պետդեպարտամենտի ղեկավարին է ներկայացրել «իրական վիճակը շփման գծում» և «շեշտել կիևյան վարչակարգին սպառազինություններով հետագա հագեցման անթույլատրելիությունը»։
Լավրովը «հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման հարցում»՝ նշելով, որ Մոսկվան հավատարիմ է Անկորիջի գագաթնաժողովում ամերիկյան կողմի առաջ քաշած առաջարկներին։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանն այլևս չի նախատեսում Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքների մի մասը՝ պատերազմի դադարեցման հնարավոր գործարքի շրջանակում։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է որևէ տարածքային զիջումից այն պատճառով, որ Կրեմլում այժմ տապալված են համարում ՌԴ և ԱՄՆ նախագահների Անկորիջի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված ոչ պաշտոնական պայմանավորվածությունները։
Այլ կերպ ասած՝ Կրեմլի գնահատմամբ՝ բանակցային հիմքն արդեն գոյություն ունի, և խնդիրը ոչ թե նոր գաղափարների բացակայությունն է, այլ այն, որ Վաշինգտոնը մինչ այժմ չի կարողացել կամ չի ցանկացել առաջ շարժվել արդեն քննարկված գաղափարների ուղղություններով։
Սա, թերևս, հանդիպման գլխավոր քաղաքական արդյունքն էր։ Եթե Ռուբիոն փաստացի հայտարարում է գործող բանակցային տրամաբանության սպառված լինելու մասին՝ առաջարկելով որոնել նոր լուծումներ, ապա Լավրովը պնդում է, որ նոր լուծումներ փնտրելու անհրաժեշտություն չկա, քանի որ նախնական քաղաքական հիմքն արդեն ձևավորվել է։ Ռուսաստանի մեկնաբանությամբ՝ այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է՝ հստակեցնելու, թե արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է շարունակել այն գործընթացը, որի շուրջ նախկինում ձեռք էին բերվել բանավոր փոխըմբռնումներ։
Սակայն բանակցային փակուղին պայմանավորված չէ միայն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա տարաձայնություններով։ Ուկրաինական կարգավորման գործընթացում առանցքային դեր ունի նաև Եվրոպայի դիրքորոշումը, որը վերջին տարիներին դարձել է ոչ միայն Կիևի հիմնական քաղաքական աջակիցներից մեկը, այլև պատերազմի շարունակականության վրա ազդող կարևոր գործոն։ Մոսկվայի գնահատմամբ՝ հենց եվրոպական երկրների շարունակվող ռազմական և ֆինանսական աջակցությունն է այն հանգամանքներից մեկը, որը թույլ է տալիս Ուկրաինային շարունակել դիմադրությունը։






































