Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»…
Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։
Քննարկման ընթացքում Լավրովը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակումն «անընդունելի» է ՌԴ համար։ Իր հերթին Ռուբիոն հայտարարել է, որ «Անքորիջի բանակցությունները ձախողվել են» և հավելել, որ «Ռուսաստանին նոր գաղափարներ են անհրաժեշտ»։
Ակնհայտ է, որ այս խոսքերի տակ նկատի են առնվում Մոսկվայից սպասվող զիջումները, որոնց Ռուսաստանը չի կարող համաձայնել։
Ըստ ամենայնի, խոսքը հակամարտությունը ներկայիս ճակատային գծով սառեցնելու մասին է։ Նման սցենարը՝ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացման հարցերից հրաժարվելու հետ միասին՝ առաջ է մղվում Արևմուտքի կողմից: Սակայն, այն որևէ կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս նշել է, որ կարևոր է երկարաժամկետ խաղաղությունը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարը, հատկապես հաշվի առնելով, որ Դոնբասի զգալի տարածքներ դեռևս գտնվում են Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։
Շուրջ մեկ տարի առաջ ամերիկյան Անքորիջում, Թրամփ-Պուտին հանդիպումը կարևոր ձեռքբերում էր թվում․ նախագահների մակարդակով անձնական բանակցություններ, ոչ պաշտոնական կապեր, Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի միջոցով, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևի ի հայտ գալը որպես բանակցող: Կար նաև համոզմունք, որ ամենավստահելի համարվող այս դիվանագիտական խողովակը, կարող էր ուղիղ երկխոսություն կառուցել։ Այդ ժամանակ Ռուսաստանը հարձակողական գործողություններ էր վարում, տարածքները բավական արագ էին անցնում նրա վերահսկողության տակ, և ռազմաճակատի գծերը փոխվում էին նրա օգտին։ Տպավորություն էր ստեղծվում, թե վերջնական համաձայնությունների հասնելուն շատ քիչ է մնացել։
Վերջին մեկ տարվա ընթացքում, ՌԴ կողմի չարդարացված լավատեսության հետևանքով, այժմ ուկրաինական կողմը, տեխնոլոգիաների այս պատերազմում աստիճանաբար ստանում է տակտիկական առավելություն։ Եթե 2025թ. օգոստոսին Ռուսաստանի տարածքի նկատմամբ հարվածները եզակի բնույթ էին կրում, ապա այժմ Ուկրաինան գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում
Ռուսաստանի խորքում։ Starlink համակարգի միջոցով համակարգվող և ամերիկյան հետախուզական տվյալներով ապահովվող անօդաչուները խոցում են կարևոր նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային հանգույցներ և նավթավերամշակման գործարաններ։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն նույնիսկ չի փորձում թաքցնել իր դերը։ Թրամփը վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, առանց «Անքորիջի ոգու» մասին որևէ հիշատակում կատարելու, բացահայտ հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է նման հարվածներին, այդ թվում՝ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակմանը։ Ավելին, ԱՄՆ-ը այժմ շահագրգռված է հակամարտության ձգձգմամբ․ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը զգալի եկամուտներ է ստանում Ուկրաինային մատակարարումներից, իսկ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակում է թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը։
Մանիլայի հանդիպման արդյունքն, իմ կարծիքով այսպիսին է․ Անքորիջի պայմանավորվածությունները՝ ինչպես հայ ժողովուրդն է պատկերավոր ասում, «գրվեցին սառույցին»: Միացյալ Նահանգները այժմ շահագրգռված չէ Ռուսաստանի պայմաններով խաղաղության հաստատմամբ։ Բանակցությունները վերածվել են կողմերի անհաշտության ցուցադրության։
Հակամարտության սառեցումը, Ռուսաստանի տարածքի նկատմամբ շարունակվող հարվածները, անօդաչու սարքերի կիրառումը և ճնշման ուժեղացումը դարձել են Արևմուտքի նոր ռազմավարության հիմքը։ Իրական լուծումների սպասելն առայժմ դժվար է։ ՌԴ ԱԳՆ-ին մնում է միայն արձանագրել, որ Մանիլայի հանդիպումը դարձավ դիվանագիտական փակուղի տանող հերթական քայլը։
Իսկ խաղաղությունը, ինչպես և պատերազմը, միշտ սկսվում է մարտի դաշտում»։





































